Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Զախարովան նշել է, որ ՌԴ բոլոր պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. բավական է նայել փաստաթուղթը եւ կարելի է հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան, ինչ պարտավորություններ չկան։ Նա հավելել է, որ ՌԴ խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են սրացում թույլ չտալու եւ իրավիճակը կայունացնելու համար։ «Դա անում են իրենց պատասխանատվության գոտում։ Իհարկե, շատ բան կախված է նաեւ ներգրավված բոլոր կողմերի գործողություններից եւ հայտարարություններից»,- նշել է Զախարովան։
Ըստ խոսնակի՝ հաճախ ՌԴ ԱԳՆ հայտարարություններն արտացոլում են բոլոր պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված մանրակրկիտ ջանքեր, տիտանական աշխատանքը: Զախարովան շեշտել է, որ ՀՀ ղեկավարության հայտարարությունները Մոսկվան դիտարկում է որպես այն գծի շարունակություն, որը հանձն են առել Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում։ «Ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- ասել է Զախարովան։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պե՞տք է պաշտպանի ԼՂ-ն, եթե Ադրբեջանը փորձի վերահսկողության տակ վերցնել խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքները, Զախարովան պատասխանել է, որ տեղին չէ խոսել այն մասին, թե այս ամենը ինչ տեսք կունենար, եթե ինչ-որ բան կատարվեր։ «Եվ այս դեպքում շատ վնասակար է, որովհետեւ դա շահարկումների կհանգեցնի։ Կլինի՞ ինչ-որ բան, որը արձագանք կպահանջի, կարձագանքենք։ Մոդելավորմամբ զբաղվելը չափազանց վտանգավոր է»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։