Ըստ Politico պարբերականի՝ չինական ձեռնարկությունները Ռուսաստանին վաճառել են ոչ պակաս, քան հազար միավոր հրացան, ինչպես նաեւ սարքավորումներ, որոնք կարելի է կիրառել ռազմական նպատակներով, եւ զինվորական հանդերձանք։ Ընդ որում, ըստ Import Genius-ի տվյալների, Ռուսաստանին զենք, ռազմական կիրառելիություն ունեցող սարքավորումների եւ զինվորական հանդերձանքի վաճառք իրականացրած ձեռնարկություններից առնվազն մեկը կապված է պետության հետ։
Խոսքը China North Industries Group Corporation Limited-ի մասին է, որը Չինաստանի խորոշագույն ռազմա-արդյունաբերական կապալառու պետական ձեռնարկություններից է։ Այն 2022-ին «ՏեխԿրիմ» ընկերությանն է ուղարկել հարձակողական CQ-A հրացաններ, որոնք ամերիկյան М16-ի պատճեններն են։
Ըստ փաստաթղթավորման՝ այդ ապրանքները ձեւակերպված են եղել որպես քաղաքացիական նշանակության որսորդական հրացաններ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ դեռեւս չկան տեղեկություններ այն մասին, որ դրանք օգտագործվել են ռուսական զինուժի կողմից Ուկրաինայում, սակայն ուկրաինական ճակատում արդեն իսկ նկատվել են չինական DJI ԱԹՍ-ներ, որոնք արտադրվում են Da-Jiang Innovations Science & Technology Co ընկերության կողմից, որն ամերիկյան սանկցիաների տակ է։
Politico-ն նաեւ նշում է, որ Ռուսաստան մատակարարվել են նաեւ չինական ԱԹՍ-ների պահեստամասեր, մարտկոցներ, տեսախցիկներ եւ երկակի կիրառելիության ապրանքներ։ Ընդ որում՝ դրանք Ռուսաստանը ստացել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով։ Թուրքիայի միջոցով էլ Ռուսաստանը չինական ձեռնարկություններից ստացել է 12 տոննա ընդհանուր քաշով զրահաբաճկոններ։ Այդուհանդերձ, Պեկինը դեռեւս չի տրամադրում Մոսկվային մեծ քանակության սպառազինություններ՝ Ուկրաինայում ռուսական զորքերին անմիջականորեն աջակցելու համար։
Երկակի նշանակության ապրանքների մատակարարումները, ըստ Politico-ի լրագրողների, շարունակվում են։