2022-ին Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղեւորահոսքը եղել է 3 միլիոն 697 հազար 539 մարդ։ Հայաստանն օդային հաղորդակցության միջոցով կապված է աշխարհի 23 երկրի հետ, հայկական և արտասահմանյան ավիաընկերությունները թռիչքներ են կատարում դեպի 45 քաղաք։ Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ նախորդ տարի 916 հազար 524 մարդ օգտվել է հայկական ավիաընկերություններից, 718 հազարը՝ ռուսական ավիաընկերություններից, իսկ 1,3 միլիոնը՝ այլ երկրների ավիաընկերություններից։ Դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ են կատարում 44 ավիաընկերություններ, որոնցից 5-ը հայկական են։ Օդանավ շահագործողի վկայական ունեն 9-ը, որոնցից 5-ը կարող են կատարել կանոնավոր առեւտրային օդային փոխադրումներ։ Ընթացիկ տարում դրանց թիվը կարող է հասնել 11-ի։
Հայկական ավիափոխադրողների վերելքի ու վայրէջքի համառոտ տարեգրությունը
«Հայկական ավիաուղիներ» առաջին պետական ընկերությունը հիմնադրվել է 1991-ին եւ գոյատեւել մինչեւ 2004 թվականը։ 1996-ին հիմնադրվել է Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան», որը 17 տարի անց իրեն սնանկ է հայտարարել։ 2003-ին հիմնադրվել է հայկական «AirArmenia» ավիաընկերությունը, որը մինչեւ 2013-ը կատարել է միայն բեռնափոխադրումներ, 2013-2015 թվականներին՝ նաեւ ուղեւորափոխադրումներ։ 2015-ին «AirArmenia»-ն սնանկ է ճանաչվել։ 2007-ին հայկական շուկա է մտել «Տարոն-Ավիան», սակայն 2018-ի դեկտեմբերից դադարեցրել է թռիչքները։
Քաղաքացիական ավիացիայի զարգացման նոր փուլը սկսվել է 2015-ին։ 2016-ին ստեղծվել է «Armenia» ավիաընկերությունը, 2018-ին սկսել է թռիչքներ կատարել «Armenia Airways»-ը։ Նույն տարում հիմնադրվել է առաջին առեւտրային ուղղաթիռների «Armenian Helicopters»-ը օպերատորը։ 2019-ին գրանցվել է «Shirak Avia» ընկերությունը, 2021-ին հիմնադրվել է «FlyOne Armenia»-ն, իսկ 2022-ի դեկտեմբերից թռիչքներ է կատարում «Armenian Airlines»–ը։ Երեւանից կանոնավոր եւ չարտերային թռիչքներ են կատարվում դեպի Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Լեհաստան, Լիբանան, Լիտվա, Կիպրոս, Հունաստան, Ղազախստան, Մոլդովա, Չեխիա, Վրաստան, Կատար եւ Ֆրանսիա։