Սահականուշ Ավագյանը միայնակ է մեծացնում 9-ամյա դստերը: Ապրում են Շիրակի մարզի Ախուրյան գյուղի այս տնակում:
Առանց կոմունալ հարմարությունների, գազ ու ջրի, սանհանգույցի տնակը 18 քառակուսի մետր է: Նեղ ու անհարմար կացարանում աշխարհն էլ է փոքրացել երիտասարդ կնոջ համար։ Ասում է՝ պատրաստ է աշխատելու եւ աղջկան ապահովելու բարեկեցիկ կյանքով, բայց որքան էլ ջանում է, չի ստացվում:
Որ մեր հասարակության մեջ միայնակ մայրը լիարժեք կայանա, հիմնականում անհնարին է: Մի կողմից ստիպված ես դիմանալ հասարակության «ծուռ» հայացքին, մյուս կողմից ստանձնել ե՛ւ հոր, ե՛ւ մոր պարտականությունները: Պետությունը նման դեպքերում կույր ու խուլ է, խնդրի հասցեատերն էլ իրեն չի համարում: Օրինակ՝ Սահականուշին ամսական 23000 դրամ է տալիս, ասում՝ այսքանով ապրի՛, ես իմ անելիքն արել եմ:
Հարցին, թե ինչպես է տեսնում իր եւ դստեր ապագան, կարողանալու է ինքնուրույն դուրս գալ տնակից, ապրել արժանավայել, Սահականուշն ասում է՝ ո՛չ: Հույս ունի, որ մի բարերար կգտնվի եւ կօգնի իրեն ոտքի կանգնելու: Այստեղ հարկ է նշել, որ բազմաթիվ նման ընտանիքներ հույսը չեն կապում պետության ու պատկան մարմինների հետ: Ավանդույթ է ձեւավորվել. բարերարների ինստիտուտն ավելի վստահելի է դարձել, քան պետությունը:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը միայնակ կնոջ կերպարի հասարակական ընկալման խորքային խնդիրներն է վեր հանում: Միանգամից մեղադրել կնոջն ու հարցը համարել փակված, ամենակարճ ուղին է: «Այսօր մեզ պետք են ծնողական համալսարաններ, որոնք կկրթեն զույգերին, արդյունքում բաժանությունները կհասնեն մինիմումի»:
Կրթված, ընտանիքի դերն ու նշանակությունը խորությամբ ընկալող, այլ ո՛չ թե նույն հասարակության դրդմամբ ամուսնացող անհատն ավելի ամուր ընտանիք կկազմի:
Ամեն մի չնչին ու կենցաղային պատճառով ընտանիք քայքայելուն Կարինե Սահակյանը կտրուկ դեմ է, ասում է՝ ամենավիրավոր ընտանիքն անգամ բուժման ենթակա է, եթե կապող օղակ՝ երեխա կա:
Նեղ ազգային մտածելակերպի վերլուծությունը թույլ է տալիս հոգեբանին ասել, որ միայնակ կնոջը մեղադրելն իր մեջ կոդ է պարունակում. «Հասարակությունը պարսավում է բաժանված կնոջը միայն նրա համար, որ բաժանություններ չլինեն, քանի որ կիսատ ընտանիքում հոգեւոր մեծ աղքատացում է սկսվում: Բայց եթե դժբախտություն է պատահում, կամ համատեղ կյանքն այլեւս անհնարին է դառնում, կինը պետք է աշխատի իր կերպարի վրա, այլապես միշտ թիրախավորված կմնա»:
Էթնոհոգեբանը վստահեցնում է, որ նպատակասլաց ու իր կերպարի վրա աշխատող, բարձրացող կինը լավ օրինակ կդառնա նույն այդ հասարակության համար: Նրա ամենակարեւոր խորհուրդն է, որ միայնակ կինը երբե՛ք երեխայի համար խեղճացած կերպար չլինի, քանի որ մեր այսօրվա թուլացած պետությունը միայն զորեղ կնոջով կկայունանա:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։