Ինձ թույլ եմ տալիս մի կանխատեսում անել․ եթե Իլհամ Ալիեւը իրոք արբենա քառասունչորսօրյա պատերազմում «պատմական հաղթանակով», Ադրբեջանը մոտակա հեռանկարում աշխարհաքաղաքական պարտություն կկրի։
Դա չի նշանակում, թե այդ պարագայում մենք կհաղթենք, եւ գոնե 1994-ի իրողությունները կվերագտնենք։ Բացառված չէ, որ ավելի վատ վիճակում հայտնվենք, բայց պետք է իրականությունը ճանաչել․ Ադրբեջանը Իրանի համար նույնն է, ինչ Ուկրաինան՝ Ռուսաստանի։
Անկախությունից ի վեր Բաքուն Թեհրանի դեմ հոխորտացել է մեկ Էլչիբեյի շուրթերով, մեկ էլ անցած շաբաթ Իլհամ Ալիեւն է ակնարկել, թե չի կարող «անտարբեր գտնվել տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիների ճակատագրի հանդեպ, որ ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս»։
Սա, ինչպես ընդունված է ասել, «կարմիր գիծ է»։ Թեհրանն արձագանքել է անհապաղ։ Եթե չեմ սխալվում, Mehr գործակալությունն է հրապարակել իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեիի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Վելայեթիի հոդվածը, որտեղ նա խոստովանում է, որ ինքը էթնիկ թուրք է, իսկ Իրանի թուրքերին անվանում է «երկրի աչքի լույսը»։ Վելայեթին հիշեցնում է պատմական անցյալը, որ Սեֆյան հարստության հիմնադիրը էթնիկ թուրք էր՝ շահ Իսմայիլը, բայց «նա իրանցի էր»։ Նուրբ, չափազանց զգայուն խնդիր է շոշափել Վելայեթին՝ ակնարկելով, որ Իլհամ Ալիեւը «քաղաքակրթական աղանդավոր» է, փորձում է Ադրբեջանը կտրել շիա իսլամական քաղաքակրթությունից, պարտադրել սուննի դավանանք, որպեսզի հաստատի թուրքական ինքնություն։
Անդրկովկասի իսլամադավան բնակչությունը մինչեւ նախանցյալ դարավերջ իր թուրքական արմատների մասին ոչ մի պատկերացում չուներ։ Նա իրեն անվանում էր «մուսուլման»։ Քաղաքակրթական-քաղաքական թուրքականությունը ռուսական ծրագրավորում է, որ շրջանառության են դրել Իսմայիլ Գասպրինսկին եւ Յուսուֆ Ակչուրան։ Առաջինը Ղրիմի, երկրորդը Վոլգայի թաթար էր։ Նրանք են համաթուրքականության առաջին քարոզիչները։ Նրանք են Բաքվում հրահրել թուրքական ինքնություն։ «Մասնատված Ադրբեջանի» քարոզչությունը նույնպես ռուսաստանյան ծագում ունի։ Իրանից Ատրպատականը բռնազավթելու մի փորձ կատարվել է 1907-1910 թվականներին։
Երկրորդը ծրագրել է Ստալինը, երբ խորհրդային զորքերը 1941-ին օկուպացրել էին Թավրիզը եւ ամբողջ «Իրանական Ադրբեջանը», որտեղ հռչակվել էր «Դեմոկրատական հանրապետություն»։ Միայն միջուկային զենքի կիրառման սպառնալիքով է, որ 1946 թվականին խորհրդային զորքերը դուրս բերվեցին Թավրիզից։ Դրան հաջորդել է դաժան հաշվեհարդար։ Հազարավոր «դեմոկրատներ» սպանվել են, ենթարկվել երկարատեւ բանտարգելության, տասնյակ հազարավորներ անցել են Արաքսը, ապաստան գտել խորհրդային Ադրբեջանի տափաստանային շրջաններում, Մինգեչաուրում եւ Սումգայիթում։
1989-ի դեկտեմբերի 31-ին «ապստամբած» Նախիջեւանը շարժվել է ոչ թե դեպի Թուրքիա, այլ Իրանի հետ սահման, Արաքսի ջրերում է «մկրտվել» խորհրդային սահմանով «բաժանված եղբայրների միավորման ուխտը»։ Բաքուն դա նշում է որպես «աշխարհի ադրբեջանցիների համերաշխության» օր։ Խորհրդանշակա՞ն է։ Իհարկե։
Օրերս Թեհրան է այցելել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Բանակցությունների մասին նա հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ տեղեկացրել, որ քննարկել է նաեւ Ադրբեջանի տարածքով «Հյուսիս-հարավ» միջանցքի հարցը։ Լուկաշենկոն Ալիեւի անձնական բարեկամն է։ Կարելի է ենթադրել, որ նա Իրան-Ադրբեջան հարաբերություններում միջնորդություն է ստանձնում։
«Հյուսիս-հարավ» միջանցքը Ռուսաստանը կկապի Պարսից ծոցի նավահանգիստներին։ Շահ ունի, անկասկած, նաեւ Բելառուսը, որի առջեւ Եվրամիության դռները գրեթե փակ են։ Կշահի նաեւ Ադրբեջանը՝ երկաթուղային նոր հաղորդակցություն ունենալով Իրանի այն շրջանների հետ, որ Բաքուն անվանում է «Հարավային Ադրբեջան»։
Իրական քաղաքականությունը կառուցվում է շահերի վրա։ Իրանում էթնիկ թուրքերը ոչ միայն ժողովրդագրական, այլեւ քաղաքական-քաղաքակրթական գործոն են։ Այդ «հանգած հրաբուխը» մի օր կարող է ժայթքել։ Արեւմուտքը շահագրգռվա՞ծ է Իրանի մասնատմամբ։ Ըստ երեւույթին՝ ոչ։ Սկզբունքորեն եթե դիտարկենք, «միասնական Ադրբեջան» նախագիծը ձեռնտու չէ նաեւ Բաքվին։ Բայց Ալիեւը քարոզչությամբ թեժացնում է խնդիրը։
Ադրբեջանում ազգային-քաղաքակրթական ինքնության հարցը վերջնականապես լուծված չէ։ Թուրքականությունը խոցելի է, իրանական ժառանգության յուրացումը՝ վտանգավոր։ «Սեփական ուժի» ալիեւյան «տեսությունը» գործնականում խաբկանք է։ Իրականում Ադրբեջանը «հյուսիս-հարավ» եւ «արեւելք-արեւմուտք» մրցակցային նախագծերի պատանդն է։ «Զանգեզուրի միջանցքի» ալիեւյան մանտրան բացատրվում է դրանով։ Միայն մի դեպքում նա կարող է հիմնավորել Ռուսաստան-Իրան ռազմավարական հաղորդակցությանն իր համաձայնությունը, եթե կարողանա ապահովել Թուրքիայի հետ Սյունիքով-Նախիջեւանով ուղղակի կապը։ Իրանն առայժմ դեմ է «Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը»։ Բայց չէ՞ որ Ռուսաստան-Պարսից ծոց երկաթգիծն էլ «աշխարհաքաղաքական սահմանի փոփոխություն է»։
Եv երբ հայ իրանագետը ձեւակերպում է, որ Թեհրանը «քառասունչորսօրյա պատերազմի հարցում վրիպել է եւ այժմ մտադիր է շտկումներ անել»՝ հղում անելով Իրանի մեջլիսի հայազգի պատգամավորին, նա իրականությանը գոնե մո՞տ ընկալում է արտահայտում, թե՞ տուրք է տալիս ազգային ըղձախոսությանը։ Շատ բան կախված կլինի «սեփական ուժի» ալիեւյան «խումհարից»։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։