Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» թատրոնը լուծարելու, վարչական մասը կրճատելու եւ ստեղծագործական կազմը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորելու համար որպես հիմք ԿԳՄՍ նախարարությունը նշել է այն, որ «Գոյ» կենտրոնը 2022-ին 3 միլիոն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի դրանից, ըստ նախարարության, հրավիրված բեմադրիչները ներկայացումներ չեն բեմադրել, եւ կենտրոնը չի համագործակցել նախարարության հետ:
«Այս միաձուլումը հավասարազոր է փակման, որովհետեւ շատ հարգելով Սունդուկյան թատրոնի ստեղծագործական կազմը՝ ոչ մեկս չենք պատրաստվում իջնելու ներքեւ։ Մեր վերաբերմունքը խնդրին շատ վատ է, շատ ջղային»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանը։ Նա հավելել է, որ տարեվերջին թատրոնի տնօրենին ոչինչ չի ասվել տարեկան ֆինանսական պլանի թերի լինելու մասին, իսկ 1,5 ամսում հնարավոր չէր նման որոշում ընդունել։ 35 տարվա պատմություն ունեցող թատրոնի ստեղծագործական անձնակազմը մտադիր է ամեն կերպ պայքարել լուծարման դեմ, դիմելու է դատական ատյաններ, ներառյալ Եվրոպական դատարան։
Թատրոնի անձնակազմին իրենց աջակցությունն են հայտնել ճանաչված դերասաններ եւ ստեղծագործողներ։ Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը հայտարարել է, որ «Գոյ» թատրոնը լուծարելու որոշումն ընդհանրապես ամբողջ համակարգը ոչնչացնելու հակամշակութային գործընթաց է։ «Նպատակը՝ փակել թատրոններ, կրճատել քանակը, պետական աջակցությունից զրկել, նույնիսկ զրկել արվեստագետներին այն չնչին, ոչ պատվաբեր աշխատավարձերից, որոնք տրվում էին իրենց գործունեության համար։ Իսկ վերջնական եւ գերնպատակը մաքրազարդումից հետո այն է՝ չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն, չունենալ մշտական թատերախումբ․․․»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է դերասանը։