Մարտի 22-ին հայ եւ հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է տաճարի վրա հարձակումը` շեշտելով, որ եթե տեղական իշխանություններն անհապաղ դատապարտեին քրիստոնեական սրբավայրերի վրա նախորդ հարձակումները եւ հանցագործները օրենքի ամբողջ խստությամբ պատժվեին, քրիստոնեական համայնքների վրա նոր հարձակումներ չէին լինի։ «Կրոնական անհանդուրժողականությունը եւ ատելությամբ լցված ոճրագործություններն իրենց բոլոր դրսեւորումներով երբեք չեն ապահովելու խաղաղ համակեցության պայմաններ»,- ասված է հայտարարության մեջ։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը Իսրայելի կառավարությանը եւ ոստիկանության կոչ է անում լուրջ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար նմանօրինակ հարձակումները եւ հետագա ոտնձգություններից եւ հարձակումներից պաշտպանել քրիստոնեական սրբավայրերն ու նրանց սպասավորներին։ «Այսպիսի գործողություններն ու դրանց անպատժելիությունը ստեղծում են անապահով պայմաններ քրիստոնեական համայնքների համար եւ անվստահության սերմեր ցանում հավատացյալների, զբոսաշրջիկների եւ բնակիչների միջեւ տեղական իշխանությունների հանդեպ»,- ասված է հայտարարության մեջ։