Ընտանեկան բռնությունը կանխելու համար Հայաստանում բռնարարի եւ զոհի մոտ այսուհետեւ էլեկտրոնային հսկողության սարքեր կտեղադրվեն, որի միջոցով բռնարարի՝ զոհին մոտենալու դեպքում իրավասու մարմիններն ահազանգ կստանան։ Մարտի 22-ին ԱԺ-ն 67 կողմ, 30 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է համապատասխան օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Գործող օրենքով` ընտանիքում բռնության ենթարկված անձանց անվտանգության համար պաշտպանության միջոցը կիրառում է ոստիկանության ծառայողը, մեկ այլ դեպքում համապատասխան որոշում է ընդունում դատարանը։ Հայաստանում էլեկտրոնային հսկողության միջոցներ կիրառվում է 2023-ի հունվարի 1-ից՝ քրեական դատավարության նոր օրենսգրքի հիման վրա, երբ իբրեւ խափանման միջոց է կիրառվում տնային կալանքը կամ վարչական հսկողությունը։
ՆԳՆ տվյալներով` 2022-ին ընտանիքում բռնություն գործադրելու մասին ստացվել է 1547 հաղորդում, դրանցից 556-ի դեպքում բռնարարները նախազգուշացվել են, 619-ի դեպքում անհետաձգելի միջամտության մասին որոշում է ընդունվել, իսկ 6-ի դեպքում դատական կարգով պաշտպանության միջոց է կիրառվել։ Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման նպատակով արտերկրից շուրջ 200 ձեռնաշղթայի հավաքածու ներմուծելու համար կպահանջվի մոտ 560 միլիոն դրամ։
Բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարքեր բավականին արդյունավետ կերպով կիրառում են Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ինչպես նաեւ հարեւան Վրաստանում։