Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ըստ որի՝ հայկական կողմը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով իբր զորք եւ զինամթերք է տեղափոխել: «Իրականում խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց եւ հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջեւ»,-նշված է հաղորդագրությունում:
Շուշիի շրջանի որոշ գյուղերի հետ մայրաքաղաքի բնականոն հաղորդակցությունն ընդհատվել է 2022-ի դեկտեմբերի 12-ից՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին արգելափակելու պատճառով: Նկատի ունենալով այդ լեռնային ճանապարհի աշխարհագրական բարդ ռելիեֆը՝ դրանով երթեւեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել որպես ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:
Ռուս խաղաղապահները, մինչդեռ, կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա եւ առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը: