ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկելու տարածաշրջանում լարված իրավիճակը թուլացնելու համար։ Լրագրողը հիշեցրել է, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը եւ հարցրել՝ ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը հակամարտության վերաբերյալ, եւ արդյոք երկրի համար մտահոգիչ է ԼՂ-ում ռուս զինվորականների ներկայությունը։ «Կողմերին լարված իրավիճակը թուլացնելու կոչ ենք անում։ Չենք ցանկանում որեւէ բռնություն տեսնել եւ ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու եւ բռնությունը դադարեցնելու համար»,- նշել է Ջոն Քըրբին։ ԼՂ-ում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ հարցին Քըրբին չի պատասխանել։
Մարտի 22-ին ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում: «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լուի Բոնոյի աշխատանքի միջոցով»,- շեշտել է Պատելը: