Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Օբերգը (Շվեդիա), հղում անելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Բաքվին կոչ են արել թույլատրել փաստահավաք անկախ խմբի այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան:
Փետրվարի 17-19-ին ՀՀ կատարած այցի արդյունքների վերաբերյալ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեին ներկայացված զեկույցում նշվում է, որ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը շուտով կարող է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հանգեցնել: Համազեկուցողներն ընդգծել են, որ Լաչինի միջանցքով երթեւեկությունը խիստ դժվարացել է, ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը:
Զեկույցում նշվել է, որ այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին եւ Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Այդ ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս եւ Վարդենիս քաղաքներ, հանդիպել տեղի իշխանությունների եւ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ: