ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են անցյալ տարվա դեկտեմբերից ադրբեջանական կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտության մասին: Զախարովան ընդգծել է, որ կողմերը դեռեւս նման համաձայնություն չեն տվել։ Եվ դիրքորոշումների միասնություն եղել է միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։
ՌԴ ԱԳՆ խոսնակը վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները հետեւողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ լարվածության սրացման կանխարգելման ուղղությամբ: «Շատ բան, իհարկե, կախված է կողմերի քաղաքական կամքից եւ իրական տրամադրվածությունից՝ շարունակվող հակասությունները կարգավորելու եւ հանգուցալուծումներ գտնելու համար»,- նշել է Զախարովան։