Foreign Policy պարբերականի համաձայն՝ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների կողմից անցկացվելիք Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին Հունգարիան եւ Թուրքիան չեն հրավիրվել։
Այս որոշումը, ըստ FP-ի, էլ ավելի ակնհայտ է դարձնում մտահոգությունն առ այն, որ Հունգարիան եւ Թուրքիան նահանջ են արձանագրում ժողովրդավարությունից՝ չնայած նրան, որ ԱՄՆ-ը հույս ունի, որ ե՛ւ Բուդապեշտը, ե՛ւ Անկարան կաջակցեն Ռուսաստանին հակազդմանն ու Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը։
Սպիտակ տան պաշտոնյաները ոչ պաշտոնական մակարդակում նաեւ պնդում են, որ այն փաստը, որ Հունգարիան եւ Թուրքիան հրավիրված չեն Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին, դեռ չի կարող նշանակել, թե դրանով գնահատական է տրվում այդ երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակին։
Foreign Policy-ի իրավիճակին ծանոթ բարձրաստիճան աղբյուրներից մեկը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հետագայում էլ շարունակել Հունգարիայի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմանը եւ շարունակում է համոզված մնալ, որ նշված երկրները ՆԱՏՕ-ի շրջանակում ԱՄՆ կարեւոր դաշնակիցներն են։
Հիշեցնենք, որ Հանուն ժողովրդավարության 2-րդ գագաթնաժողովը կանցկացվի մարտի 29-30-ին։ Ի շարս մյուս մասնակիցների՝ այն կունենա նաեւ նոր մասնակիցներ՝ ի դեմս Կոստա Ռիկայի, Նիդերլանդների, Զամբիայի եւ Հարավային Կորեայի։ Միջոցառումը կանցկացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նրա վարչակազմի մոտ երկու տասնյակ բարձրաստիճան ներկայացուցիչների աջակցությամբ։