ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոգեւորված է Հարավային Կովկասում տեւական խաղաղության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացով:
Նախօրեին Փաշինյանը թվիթերյան իր գրառման մեջ նշել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կլինի, եւ այն հիմնված կլինի ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։
«ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների խթանմանը»,– ընդգծել է Պատելը։
ԵՄ-ն հավատարիմ է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը. Կլաար
Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր հերթին անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: «ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը եւ խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ եւ արդար խաղաղության»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Տոյվո Կլաարը։