Արցախի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ մարտի 24-ի առավոտյան ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել եւ կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողայգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ: Տուժողներ չեն եղել, սակայն գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:
ՆԳ նախարարությունում ընդգծել են, որ Շուշին շրջանցող անտառային ու լեռնային ճանապարհով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կատարվում է քաղաքացիական անձանց տեղաշարժ եւ հումանիտար բեռների փոխադրում: Հաշվի առնելով այդ ճանապարհի աշխարհագրական դիրքը՝ երթեւեկությունը կազմակերպվում է մեծ ու բարձր մեքենաներով, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրեւ ռազմական նշանակության փոխադրումներ իրականացնող մեքենաներ:
Ըստ Արցախի ՆԳՆ հաղորդագրության՝ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի հայկական կողմը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհն իբր օգտագործում է ռազմամթերք տեղափոխելու նպատակով: «Այս թեզն առաջ տանելով՝ ադրբեջանական կողմը մոլորեցնում է միջազգային հանրությանը, հող նախապատրաստում իր հերթական սադրանքն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ: