«Հրազդան» մարզադաշտի տարածքում ամեն շաբաթ եւ կիրակի օգտագործած հազար ու մի իրերի տոնավաճառ է կազմակերպվում։ Հենց այնտեղից էլ կինոօպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը ձեռք է բերում իր երկաթյա քանդակների հումքը:
Դրանք ամենասովորական գործիքներ են՝ աքցաններ, սղոցներ, մանգաղներ, մետաղի մնացորդներ, մեխեր, պտուտակներ, որոնք օպերատորի ձեռքով վերածվում են թռչունների, կենդանիների:
«Վաճառողները հարցնում են` ինչ ես ուզում, պատասխանում եմ՝ չգիտեմ, բայց երբ գործիքի մեջ կերպար եմ տեսնում, միանգամից ձեռք եմ բերում. գործիքն է հուշում, թե ինչ պետք է սարքեմ»,- ասում է Սուրեն Տեր- Գրիգորյանը։ Նա երկար տարիներ «Շողակաթ» հեռուստաընկերության գլխավոր օպերատորն է, նաեւ հոգեւոր եւ մշակութային ֆիլմերի, հաղորդումների ռեժիսոր: Այլ տիրույթում ստեղծագործելու ցանկությունը նրան ստիպել է սկզբում նկարել, ապա կոլաժներ անել, բայց դրանցից եւ ոչ մեկը չի բավարարել ներքին պահանջմունքը: Երկաթագործությանն անցել է շատ պատահական: «Երկու գործիք իրար վրա դնելով՝ մի կերպար ստացա, մտածեցի ավելացնել դետալներ, եւ ահա կերպար ստացվեց»:
Շուրջ 20 քանդակ էր ներկայացրել Տեր-Գրիգորյանը մարտի 23-ին Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնում բացված «Ֆաբուլա» ցուցահանդեսում: Կինոգործիչների միության աջակցությամբ բացված ցուցահանդեսում իր գեղանկարներն էր ներկայացրել նաեւ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:
Երկու կինոգործիչներն էլ կինոյի եւ հեռուստատեսության ոլորտում բազմամյա փորձ ունեն: Կինոգործիչների միության անդամներն առաջին անգամ են հանրությանը ներկայանում որպես քանդակագործ եւ գեղանկարիչ: Ցուցահանդես ունենալու առաջարկը Հրանտ Մովսիսյանինն է եղել: Կինոռեժիսորն այսօր ղեկավարում է «Հրանտֆիլմ» ընկերությունը: Փոքրուց է նկարում, բայց ծնողների ցանկությանը դեմ գնալով՝ բեմադրող ռեժիսորի մասնագիտությունն է ընտրել։ Ասում է՝ նկարելն օգնել է ֆիլմարտադրության մեջ: Այսօր նկարչությունը համարում է առօրյա բացասական ինֆորմացիոն դաշտից փախչելու լավ միջոց: Ռեժիսորը նկարում է ոչ ավանդական տեխնիկայով. դիմել է ժամանակակից տեխնոլոգիաների հնարքներին:
60-ի շեմը հատած արվեստագետներն ամեն օր մի նոր բան են փնտրում, Սուրեն Տեր-Գրիգորյանն ասում է՝ «հոգին պետք է երիտասարդ պահել, դրա լավագույն ձեւն էլ արվեստն է՝ իր բոլոր դրսեւորումներով»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։