Ի՞նչ եզրակացության գալ, երբ մարտի 25-ին երեւանյան լրատվամիջոցը գրում է, որ Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից, մերձավոր շրջապատը հավաքել եւ ասել, որ Ադրբեջանի հետ ոչ մի «ինտեգրացիա» չի լինելու, պետք է այլընտրանքային ճանապարհ կառուցել, մեծով-փոքրով զինվել եւ պատրաստվել պատերազմի, եւ ժամեր անց ադրբեջանական զինուժը Լիսագոր-Ստեփանակերտ հատվածում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ռազմավարական բարձունք է գրավում։
Արայիկ Հարությունյանի «մոսկովյան այցի» մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել, Արցախի նախագահի գրասենյակը չի հաղորդել նրա «վերադարձի» եւ «մերձավոր շրջապատը հավաքելու, կարեւոր հայտարարություններ անելու» մասին։
Ուշադրություն է հայցում նաեւ այն, թե Արցախի Քննչական կոմիտեն ինչու հենց նույն օրը՝ մարտի 25-ին է հաղորդել, որ լրտեսության կասկածանքով Ստեփանակերտի «երկու բնակիչ է ձերբակալվել», որոնց, ձեռք բերված ապացույցների հիման վրա, «պետական դավաճանության» մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Որ նման գործ հարուցվել է, Ստեփանակերտում գիտեին մոտ մեկ շաբաթ առաջ։ Քննչական կոմիտեն չէ՞ր կարող նախնական տեղեկություն տալ կամ ԱԱԾ-ն, որն էլ, ի դեպ, իրականացրել է ձերբակալությունը եւ նախնական քննությունը։ Պատահակա՞ն է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքին այլընտրանք հանդիսացող լեռնաանտառային ճանապարհի վրա զինված վերահսկողություն է հաստատել Արայիկ Հարությունյանի «մերձավոր շրջապատից» տեղեկատվական արտահոսքի եւ «լրտեսության գործի» մասին Քննչական կոմիտեի հաղորդագրության տարածումից մի քանի ժամ անց։
Երբ Իլհամ Ալիեւը հարցնում էր, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից հասել Մոսկվա, ապա վերադարձել, փարիսեցիություն էր անում։ Շուշիի մոտ «էկոակտիվիստների ակցիայի» առաջին օրվանից էլ Բաքվում տեղյակ էին, որ շրջանցիկ ճանապարհը մասնակի գործում է։ Պետք է հասկանալ՝ մարտի 25-ով Ալիեւը հումանիտար բեռնափոխադրումների վրա՞ է արգելք դնում, թե՞ Արայիկ Հարությունյանի ելքումուտքի։
Ըստ երեւույթին, իրավիճակը դիտարկելի է Ալիեւի աշխատակազմից «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին» Բաքու «հրավիրելու» եւ Ստեփանակերտի պատասխանի տիրույթում։ Արցախյան կողմը Բաքվի հետ երկխոսության «միջնորդ կողմ» էր նշել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը։
Ալիեւը չի՞ հասկացնում, որ այդ զորախումբը խորհրդանշական է, գործնականում ինքը կանի այն, ինչ կգտնի նպատակահարմար։ Հարցի «գինը» դա է՝ թե ադրբեջանական զինուժն ինչպես է եռակողմ Հայտարարությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ճանաչված տարածքում պատժիչ գործողություն իրականացնում։ Այդ մասին Ստեփանակերտը պետք է բարձրաձայներ անցյալ տարվա այս օրերին, երբ բռնատեղահանվեց Փառուխը, Քարագլխի բարձունքում ունեցանք զոհեր։ Ստեփանակերտը լռեց։ Փոխարենը արցախյան քաղաքական դաշտի «գուրուները» Հայաստանի վարչապետին մեղադրեցին, թե ինչու է ռուս խաղաղապահներին պահանջ ներկայացնում։
Ստեփանակերտը փոթորկվեց, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում առաջարկել է ապառազմականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գիծը։ ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթը հրապարակեց Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ իրենց հարցման պատասխանը, որտեղ ասվում էր, որ Պաշտպանության բանակը ոչ թե կկազմալուծվի, այլ կկատարելագործվի՝ դառնալով «մարտական խնդիրներ լուծելու ունակ կազմավորում»։ Ուշադրությո՛ւն․ այս հրապարակումն արվել է 2022-ի նոյեմբերի 17-ին։ Ուղիղ երկու շաբաթ անց Ալիեւը Շուշի գործուղեց «էկոակտիվիստների»։ Դեկտեմբերի 2-ին նրանք մի քանի ժամով արգելափակեցին Լաչինի միջանցքի Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, իսկ տասն օր անց եղավ այն, ինչ շարունակվում է մինչ օրս։
Ո՞վ եւ որտե՞ղ է հեղինակում ղարաբաղյան այս «պոեմը», որի «մասսովկան» 120 հազար մարդ է՝ ծծկեր երեխայից մինչեւ անկողնուն գամված 103 տարեկան ծերունի։ «Հեղինակային իրավունքի» տեղ Ստեփանակերտն ունի՞։ Ունեցե՞լ է, ունենալո՞ւ է։ Թե՞ նրան վերապահված է «ստատիստի» գործառույթ։ Մենք նման հարցադրումներ չենք անում կամ «խնդրի վրայից սահում ենք»։ Մեզ «վարժեցնում են», որ վաղը «նաեւ հոսանք չի լինի, բայց ոչինչ, սովոր ենք, բազմաբնակարանոց շենքի բակում «համայնական կաթսա» կդնենք՝ բանջար կեփենք, բայց երբեք չենք հանձնվի։ Մեզ ներշնչում են, որ ժողովրդական դերասանը եւ նախկին պետական նախարարը «Պյատաչոկում» շա՜տ «պատահաբար մի քանի երեխայի հանդիպեցին եւ կոնֆետ հյուրասիրեցին։ Ղարաբաղյան «պոեմի սյուժեն» վերադառնում է ամանսկզբի էյֆորիային․․․
․․․Եվ ես հիշում եմ՝ Ստեփանակերտի մարզադաշտում ինչպես էր ուղղաթիռ իջնում, որը տեղ էր հասցնում մի քանի «կարաբին», մի-երկու արկղ փամփուշտ, զինվորական «ԽԲ» համազգեստի մեկ-երկու տասնյակ «կոմպլեկտ», հարյուր կիլո շաքարավազ ու երկու արկղ սեւ սապոն։ Վերադարձին բեռնվում էր կոնյակի սպիրտի տակառներով, իսկ «բորտը» զարդարում էին Ստեփանակերտ-Երեւան-Մոսկվա «մաքոքային դիվանագիտության» մեր «գուրուները»։ Տասը մեկնողից յոթ-ութը հանգրվանում էր Երեւանում, վերադարձողը ղարաբաղյան «պոեմի» եւս մի «գլուխ» էր պատմում․․․ Բայց դա հեռավո՜ր անցյալ, հուշ եւ հիշողություն է․․․ Այսօր Ալիեւը Լիսագոր-Ստեփանակերտ անտառալեռնային ճանապարհը վերահսկող բարձունքում է։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։