Թուրքական Yeni Akit պարբերականը հայտնում է, որ Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո կտրուկ աճել է հետաքրքրությունը թռչունների, հատկապես թութակների նկատմամբ։ Թռչունների վաճառքն աճել է այն տեղեկությունների հետնապատկերում, ըստ որի` նրանք նախապես զգում են ստորգետնյա ցնցումները եւ տարօրինակ վարք են դրսեւորում:
Մասնավորապես, Թուրքիայի Էլյազըղ նահանգում քաղաքացիների ներհոսք է նկատվում կենդանիների վաճառքում մասնագիտացած խանութներ։ Կենդանիների խանութի սեփականատեր Ֆաթիհ Գյուրբյուզի պնդմամբ՝ երկրաշարժերից հետո թռչունների վաճառքն աճել է գրեթե 10 անգամ: «Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում, որովհետեւ հավատում են, որ թռչունները նախապես զգում են երկրաշարժը եւ ահազանգում»,- նշել է առեւտրականը:
Կենդանիների սիրահար եւ առեւտրական Մեհմեդ Քալեօղլուն էլ ասում է, որ երկրաշարժից 3-5 րոպե առաջ թութակները սկսում են թռչկոտել, թափահարել թեւերը եւ բարձրաձայն երգել կամ անհանգստացած խփվում են վանդակի պատերին։ Ըստ նրա՝ այդ կերպ թռչուններն ակամա ահազանգում են մարդկանց՝ ստիպելով նրանց երկրաշարժից առաջ հաշված վայրկյանների ընթացքում լքել իրենց բնարականները եւ փրկվել։