Իլհամ Ալիեւը Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակված Մասիմ Մամեդովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի նախկին բանակցային գործընթացին՝ շեշտելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերել Լաչինի շրջանի նկատմամբ: «Հայաստանը միշտ անընդունելի է համարել, որ Լաչինի շրջանը վերադարձվի Ադրբեջանին։ Թեեւ նրանք այլ տարածքներից էլ չէին պատրաստվում հեռանալու։ Հիմա՝ պատերազմից երկուսուկես տարի անց, դա ավելի ակնհայտ է դարձել»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ միջնորդները փորձել են ամրապնդել այդ իրավիճակը:
Ադրբեջանի նախագահը դժգոհել է հատկապես Ֆրանսիայից: Ըստ նրա՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում հակաադրբեջանական գործողություններ են կատարվում, Բաքվին ուղղված մեղադրանքներ են հնչում։ «Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ մի շարք բանաձեւեր է ընդունել, դրանք հայամետ, կաշառակեր ու հակաադրբեջանական խմբավորման ձեռքի գործն են, եւ այդ գործընթացում առաջատար դերակատարում ունեն ֆրանսիացի պատգամավորները»,- ասել է Ալիեւը: