Գյումրու «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» 10 օր շարունակ հասանելի էր «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը: Այցելուները ծանոթացան ղարաբաղյան հակամարտության թեմաներով վերջին 30 տարիներին հայկական մեդիայի լուսաբանումներին:
«Հակամարտության լրագրության դրվագներ»-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանի չորրորդ նախագիծն էր: Ծրագրին աջակցում են շվեյցարական «HEKS/EPER» եւ գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամները:
Ցուցահանդեսի պատասխանատու Գեղամ Վարդանյանն ասում է՝ ներկայացված նմուշները դրվագներ են կոչել, քանի որ դժվար էր ինչ-որ բան բաց չթողնելը: Հակամարտությունը հարյուրավոր տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցներ են լուսաբանել:
Կազմակերպիչները հավաքել ու տեսակավորել էին արխիվային հարուստ նյութեր: Թանգարանի պատերին ու էկրաններին տպագիր մամուլի օրինակներ, տեսանյութեր, ռադիոհաղորդումներ, լուսանկարներ ու հոդվածներ ցուցադրվեցին:
Ցուցադրության ընթացքում պատկերասրահում տեղի ունեցան նաեւ հանդիպումներ հակամարտություններ լուսաբանած լրագրողների հետ:
Ծնունդով գյումրեցի գրող, լրագրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը «Լրատուն» մեդիա թանգարանի հիմնադիրներից է: Ղարաբաղյան հակամարտությունը 90-ականների սկզբից է լուսաբանել, մեդիայի անդրադարձի կարեւորության գիտակցումն էլ դրանք թանգարանային նմուշների վերածելն է եղել:
Ասում է՝ լրագրողի աշխատանքը պարտք-պահանջի տետրով չէ, լրագրությունը հումանիզմ է. «Եթե կա ողբերգություն, եթե կա ինչ-որ բան, որ մենք կարող ենք անել մարդկանց համար, մենք դա պետք է անենք: Հակամարտություն լուսաբանելը լուրջ բան է: Այսօր թվում է, թե այդ ֆոնին մեկը մի բան գրի, մի քանիսը հռհռան, մի քանիսն էլ անիծեն, անելիքն ավարտված կարող են համարել»: Մարտիրոսյանն իր տասնամյակների փորձով է փաստում, որ հակամարտություն լուսաբանելիս միշտ պետք է քայլ անես, որ հասկանաս՝ հաջորդը հնարավո՞ր է, թե՞ ոչ:
Նշենք, որ թանգարանում, բացի ղարաբաղյանից, ցուցադրվեցին նաեւ մերօրյա հակամարտության՝ ռուս-ուկրաինական պատերազմը լուսաբանող հայ լրագրողների փաստագրական ֆիլմեր եւ հաղորդաշարեր:
Մեդիայում անկախ տեղեկություններ չգտնելով՝ Վահրամ Մարտիրոսյանն ինքն է գնացել Ուկրաինա, տեղում լուսաբանել հակամարտությունը, փաստագրել ժողովրդի տրամադրվածությունը: «Դժվար է թիմով գնալը հակամարտության թեժ կետ. լրատվամիջոցները չեն ուզում վտանգի ենթարկվել, նաեւ գումարներ ծախսել: Տեղեկությունը կվերցնեն մեկ այլ հեռուստաալիքից կամ կայանից եւ կհամարեն, որ լուսաբանեցին՝ մոռանալով կամ անտեսելով, որ նրանք իրենց շահերն ունեն»:
Մարտիրոսյանն ասում է՝ Հայաստանից հատուկենտ լրատվամիջոցներ ու լրագրողներ են հանձն առել Ուկրաինա գնալ, իրադրությունը տեսնել սեփական աչքերով եւ անկողմնակալ տեղեկություններ տալ առաջին դեմքով: «Դրանցից մեկն էլ «Ալիք Մեդիան» է, որի գլխավոր խմբագիր Տիգրան Պասկեւիչյանը լուրջ փաստահավաք աշխատանք է կատարել եւ կատարում հակամարտության գոտում»:
Վահրամ Մարտիրոսյանը 5 հաղորդման եւ 3 ֆիլմերի մեջ անդրադարձել է տուն-տեղ կորցրած, գնգակահարված եւ շաբաթներով անթաղ մնացած մարդկանց: Տեղացիները ֆիլմերում պատմում էին, որ Ուկրաինան երկու մասի է բաժանված. մի կեսը կռվում է, մյուսը՝ թիկունքից օգնում կռվողներին:
Լրագրող Մհեր Արշակյանը նույնպես 10 օրից ավելի շրջել ու նկարահանումներ է արել Ուկրաինայի մի քանի քաղաքներում: Զարմանքով ասում է, որ չի հանդիպել մի ուկրաինացու, ով չհամաձայներ խոսել տեսախցիկի առաջ: Սկզբունքորեն ոչ մի հարցազրույց չի վարել ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ասում է՝ նրանց կարծիքն ամենուր հասանելի է: «Զրուցել եմ միայն շարքային ուկրաինացիների հետ, չի եղել մի դեպք, որ ասեն՝ մենք լավ չենք կռվում… մեր գեներալներն ու մարտավարությունը լավը չեն… սա է մեղավոր, նա է մեղավոր… Նրանք էներգիա չեն ծախսում քննադատելու վրա»:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարանը կհյուրընկալվի նաեւ Հայաստանի այլ մարզերում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։