Հայաստանում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն 2023-ի մարտի 27-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում զետեղված՝ միջազգային մարզական միջոցառումներին ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկների մասնակցությունն արգելելու մասին Ուկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի համատեղ հայտարարության համատեքստում «Ալիք Մեդիայի» խնդրանքով անդրադարձել է ՌԴ-ի եւ Բելառուսի մարզիկներին «չեզոք կարգավիճակով» մրցույթներին մասնակցել թույլատրելու շուրջ Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդակցություններին:
Հավատարմատարը հիշեցնում է, որ 2023-ի հունվարի 25-ին ամբողջ քաղաքակիրթ աշխարհն ալեկոծվեց վրդովմունքից, երբ տեղեկություն տարածվեց, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն խորհրդակցություններ է սկսել ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկներին «չեզոք կարգավիճակով» մրցույթներին մասնակցել թույլատրելու շուրջ։
«Դա լրջորեն տարբերվում է ՄՕԿ-ի՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր որդեգրած դիրքորոշումից, երբ ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկները զրկվեցին մարզական միջոցառումներին մասնակցելու իրավունքից։ Ակնհայտ է, որ իր նախկին որոշումը ՄՕԿ-ն ընդունել էր ՌԴ-ի սանձազերծած պատերազմի հանդեպ միջազգային համընդհանուր վրդովմունքի հետնապատկերում, մինչդեռ դիրքորոշումը փոխելու այսօրվա փորձը միանգամայն անաչառ հարցեր է առաջացնում դրդապատճառների վերաբերյալ»,- նշում է Սենչենկոն։
«Քաղցրալից» հարաբերություններից մինչեւ իրականության անտեսում
Նա հավելել է, որ լրագրողական աշխարհում արդեն բազմիցս գրվել է Ռուսաստանի նկատմամբ ՄՕԿ-ի նախագահի առանձնահատուկ համակրանքի մասին։ «2013-ին Թոմաս Բախն ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ։ Եվ Սոչիում Ձմեռային օլիմպիադան նրա համար դարձավ առաջին քայլը նոր դերում, որին գումարվեց եւս մեկը՝ Կրեմլի լավ բարեկամը։ Հենց Սոչիում իր պաշտոնին վերադարձած ՌԴ նախագահի եւ Թոմաս Բախի միջեւ բարեկամական հարաբերություններ ծագեցին։ Ընդ որում, այդ հարաբերություններն այն աստիճան «քաղցրալից» էին, որ ՄՕԿ-ի ղեկավարը ռուսաստանյան բռնակալին շարունակում էր գովաբանել նույնիսկ Օլիմպիադայի ավարտից հետո»։
Հավատարմատարը պարզաբանում է, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, ինչպես նաեւ ռուսական սպորտը Ուկրաինայի դեմ ագրեսիա ձեռնարկած ՌԴ-ի պետական մեխանիզմի մի մասնիկն է։ Սենչենկոն որպես ասվածի ցայտուն օրինակ բերում է ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովի հայտարարությունը․ «ՌԴ օլիմպիական կոմիտեի տեսանկյունից մենք, ՌԴ մյուս քաղաքացիների պես, համարում ենք, որ հայրենիքին ծառայություն մատուցելը յուրաքանչյուր քաղաքացու, ներառյալ ազգային հավաքականների անդամների պատվավոր պարտականությունն է»։
Միեւնույն ժամանակ, Ալեքսանդր Սենչենկոյի համոզմամբ՝ ՄՕԿ-ը փորձում է խուսափել ռուսական պատերազմական հանցագործությունների շուրջ թեմայից եւ «օլիմպիական առաքելության» նշանի տակ առաջ է մղում մրցույթներին ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկների վերադարձի թեման: «Պատերազմի իրականության այսպիսի կանխամտածված անտեսումը պարզապես անհարգալից վերաբերմունք է ռուսական ագրեսիայի հետեւանքով զոհված տասնյակ հազարավոր ուկրաինացիների նկատմամբ»,- եզրափակել է ՀՀ-ում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատարը:
Ուկրաինայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի համատեղ հայտարարությունը
«Նկատի ունենալով հանգամանքը, որ այս տարվա մարտի 28-30-ն անցկացվելու է ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի հերթական նիստը՝ ցանկանում ենք կրկնել ՌԴ-ի եւ Բելառուսի մարզիկներին «չեզոք» կարգավիճակով մրցույթներին մասնակցելու ուղիներ գտնելու վերաբերյալ ՄՕԿ-ի վերջին կոչերի նկատմամբ Ուկրաինայի դիրքորոշումը:
Մենք նկատի ենք ունեցել բացառապես մարզիկների քաղաքացիության հիման վրա խտրականությունը բացառելու վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների արտահայտած անհանգստությունը:
Ցավում ենք, որ ՄՕԿ-ն օգտագործեց այս մտահոգությունն իբրեւ պատրվակ՝ արմատապես փոխելու համար իր նախկին, լավ հիմնավորված դիրքորոշումը ՌԴ-ի եւ Բելառուսի մարզիկներին եւ պաշտոնյաներին միջազգային սպորտային մրցումներից հեռացնելու առաջարկության վերաբերյալ։
Ցանկանում ենք ընդգծել, որ ոչ թե մարզիկների ազգությունն է որոշում նրանց դերը, այլ փաստը, որ նրանց հովանավորում/աջակցում են իրենց կառավարությունները կամ ընկերություններ, որոնք պաշտպանում են Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը շարունակող Կրեմլի ռեժիմը, կամ էլ՝ հենց ռուս զինվորականները:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ամեն օր ՌԴ զինվորականները շարունակում են գրոհել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մարզական կառույցների վրա եւ սպանել ուկրաինացիներին, ներառյալ մարզիկներին: Ուկրաինայի միլիոնավոր քաղաքացիները, ներառյալ մարզիկներն ու նրանց ընտանիքները, ռուսական բռնազավթման հետեւանքով ստիպված էին լքել իրենց տները: Ուկրաինայի շատ մարզիկներ մինչ օրս ի վիճակի չեն մասնակցելու մարզական մրցույցներին՝ երկրի վրա ՌԴ-ի հարձակման հետեւանքով:
Ոչ մի պատճառ չկա նահանջելու ավելի քան մեկ տարի առաջ՝ Ուկրաինա ՌԴ-ի լայնամաշտաբ հարձակումից անմիջապես հետո ՄՕԿ-ի սահմանած ռեժիմից՝ ռուսաաստանցի եւ բելառուսցի մարզիկներին բացառություն անելու պատճառով: Խորապես համոզված ենք, որ հիմա ժամանակը չէ վերանայելու ռուսաաստանցի եւ բելառուսցի մարզիկների ցանկացած կարգավիճակով Օլիմպիական խաղեր վերադարձի հարցը:
Թեեւ ՄՕԿ-ը վերջնական որոշում չի ընդունել, համառորեն կոչ ենք անում վերանայելու նրա ծրագրերը եւ վերադառնալու նախնական՝ միջազգային հանրության աջակցությունը վայելող փորձություն անցած դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն ու Բելառուսն ունեն իրենց մարզիկներին միջազգային մարզական համայնք վերադարձնելու ճանապարհը, այն է՝ դադարեցնել Ռուսաաստանի սանձազերծած եւ Բելառուսի մասնակցությամբ զավթողական պատերազմը եւ վերականգնել Ուկրաինայի ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում նրա տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը»:
Տեղեկանք
ՌԴ հանցագործություններն ուկրաինական սպորտի նկատմամբ.
- Ուկրաինայի նկատմամբ ՌԴ ագրեսիայի ընթացքում սպանվել են 262 ուկրաինացի մարզիկ եւ մարզիչ: Եվս 16-ը վիրավորվել է, 28-ը գերի է ընկել, 6-ն՝ անհայտ կորել: Ուկրաինացի մարզիկների մի մասը երբեք չի մասնակցի Օլիմպիական խաղերին:
- 2023-ի փետրվարի 2-ի դրությամբ ՌԴ ռազմական ագրեսիայի հետեւանքով Ուկրաինայում տուժել է 343 մարզական օբյեկտ. պատճառած վնասը 250 միլիոն ԱՄՆ դոլար է:
- ՌԴ-ն խախտել է Օլիմպիական զինադադարը՝ Ուկրաինայի վրա հարձակվելով Օլիպիադա 2022-ի ընթացքում: Այդ զինադադարը վերջին անգամ սահմանվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2021-ի նոյեմբերի 24-ի հատուկ բանաձեւով:
Ովքեր են ռուս մարզիկները.
- Ռուսական սպորտը կայսերական քարոզչության մի մասն է:
- ՌԴ խոշորագույն ռազմական միավորումներ են Բանակի կենտրոնական մարզական ակումբը (ԲԿՄԱ), որտեղ մարզվում են ՌԴ զինված ուժերի զինվորական մարզիկներ, եւ Դինամոն, որտեղ մարզվում են ռուսաստանյան մյուս ռազմական կառույցների (ФСБ-ի, Ռոսգվարդիայի եւ այլնի) ծառայողները: Այդ ակումբները պատրաստում են ատլետներ 70 մարզաձեւերում, որոնցից 44-ն օլիմպիական են:
- Տվյալ մարզական ակումբներն իրենց էջերում ակտիվորեն հրապարակում են Ուկրաինայում այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությանն» ու դրան մասնակցող եւ ռուս զինվորականներին աջակցող, Ուկրաինայի ժամանակավորապես բռնազավթված տարածքներ, մասնավորապես Մարիոպոլ եւ Ղրիմ ռուս մարզիկների այցերի մասին նյութեր:
- 2022-ին Պեկինի Օլիմպիական խաղերին մասնակցող յուրաքանչյուր երրորդ ռուսաստանցի ատլետ ռուսական բանակի զինվորական էր, մասնավորապես ԲԿՄԱ-ի անդամ:
- Արդեն Տոկիոյում 2020(21)-ի Օլիմպիական խաղերին Ռուսաստանը նվաճել է 71 մեդալ: Դրանիցից 45-ը ստացել են ԲԿՄԱ-ում պատրաստություն անցած մարզիկները, որոնք միաժամանակ այն բանակի զինվորական են, որը տվյալ պահին ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում:
- Ռուսաստանի մարզիկները կանոնավոր կերպով մասնակցում են ՌԴ ռեժիմի՝ Ուկրաինայի դեմ պատերազմին, նրա տարածքների զավթմանն աջակցող միջոցառումներին եւ այլն: Օրինակ՝ ռուսաստանցի օլիմպիական չեմպիոնները եւ մարզիկները մասնակցել են Լուժնիկիում Ղրիմի բռնազավթման տարելիցին նվիրված հանրահավաքին: