Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու:
Ալիեւը նշել է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է, սակայն հետպատերազմյան զարգացումներին առնչվող դեռ բազում հարցեր կան:
«Ես բազմիցս խոսել եմ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության մասին: Դա մեր ծրագրերում կա, բայց հայկական կողմից ոչ մի նման արձագանք չի եղել»,- ընդգծել է նա:
Ալիեւը հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանը Հայաստանից ոչ մի տարածքային պահանջ չունի:
Նա հավելել է, որ իբրեւ նախագահ՝ ինքը նայում է ապագային, եւ Հայաստանից դրական ազդանշանների դեպքում Ադրբեջանն ամեն ինչ կանի հանուն երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման:
Ադրբեջանի նախագահը Հայաստանի քաղհասարակությանը կոչ է արել փոխգործակցելու հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ բողոքել, որ հայաստանյան քաղաքաացիական հասարակությունն անգամ չեզոք խոսք չի ասել Ադրբեջանի հասցեին, էլ ուր մնաց՝ դրական:
«Հակամարտությունը լուծված է, մենք պիտի նայենք ապագային»,- եզրափակել է Ալիեւը: