Արցախի ՆԳՆ-ից հայտնել են, որ մարտի 30-ին՝ 08:30-ի սահմաններում, հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն անցկացնող զինծառայողների թիրախում են հայտնվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ Սենորիկ Ալավերդյանը եւ Գենադի Սարգսյանը, որոնք աշխատում էին «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի վարչական տարածքի խաղողայգում:
Ադրբեջանցի զինծառայողները շարունակել են հրաձգային զենքերից կրակ բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Մասնավորապես, 10:35-ի սահմաններում ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանի ուղղությամբ։ Նույն օրը` 10:40-ի սահմաններում, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղի բնակիչներ Արթուր Ֆիրյանի, Արարատ եւ Շուրա Ալլավերդյանների, Օլեգ Հարությունյանի, Արսեն Խաչատրյանի եւ Նովիկ Գաբրիելյանի ուղղությամբ:
Կրակոցների հետեւանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։