Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նաեւ աշխարհի պետությունների դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանքով ընթացիկ տարում գլոբալ տնտեսական աճը կլինի 3 տոկոսից ցածր։
«Համաշխարհային տնտեսությունն արդեն բավական երկար գտնվում է անհանգիստ վիճակում, ցնցումը ցնցման հետեւից ապրելով։ Ակնկալում ենք, որ այս տարին եւս կլինի բարդ»,- Բաոսի ասիական ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան։
Նա նշել է, որ ցածր մեկնարկային տոկոսադրույքներից բարձր տոկոսադրույքների արագ անցումն անհրաժեշտ էր սղաճի դեմ պայքարելու համար, ինչն անխուսափելիորեն որոշ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում առաջացրել է տուրբուլենտություն եւ դժվարացրել քաղաքական որոշումների կայացումը։
ԱՄՀ ղեկավարն ընդգծել է, որ համաշխարհային տնտեսությանը սպասվող դժվարությունները հնարավոր է հաղթահարել միայն համագործակցության եւ համերաշխության միջոցով։ Քրիստալինա Գեորգիեւան կոչ է արել երկրների կառավարություններին ավելի մեծ օժանդակություն հատկացնելու իրենց հասարակությունների խոցելի խավերին, իսկ առավել ապահովված երկրներին՝ օգնելու կարիքավոր պետություններին։ Գլոբալ ՀՆԱ-ի աճը 3 տոկոսը կգերազանցի միայն 2024 թվականին՝ հասնելով 3,1 տոկոսի։