Մարտի 26-ին Սիսիան եւ Անի համայնքներում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, և Կա՜ Ապագա»։
Իբր՝ տեսեք, մենք ինչքան լավն ենք, որ մեզ վստահում են։ Ընդ որում՝ իշխող ուժը համարում է, թե արդար ընտրություններով է հաղթել։ Դիտորդներն ու մյուս քաղաքական ուժերը քվեարկության օրն ինչ-ինչ խախտումներ արձանագրել են, բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել կարծես թե, եւ բողոքարկումների մասին էլ տեղեկություններ չկան։
Թվում է՝ ամեն ինչ «պուպուշ» է։ Սակայն դա առաջին հայացքից, եւ «պուպուշ» է գուցե բուն քվեարկությունը, այլ ոչ թե ընտրությունների ողջ գործընթացը։
Իսկ այդ գործընթացը ՔՊ-ական, ներողություն օտարաբանություն օգտագործելու համար, «մուտիլովկաների» մի ամբողջ շարք է։
Ե՛վ Սիսիանում, ե՛ւ Անիում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չէր կարողացել բավարար ձայներ ստանալ միանձնյա կառավարում ապահովելու համար։ Այսինքն՝ համայնքապետի նրանց թեկնածուներն, ըստ էության, պարտվել էին։ Եվ գործի դրվեցին ՔՊ-ական խաղերը. ամեն ինչ արվեց, որ ավագանու նիստերը չկայանան, ընտրությունները չեղյալ հայտարարվեն։ Իսկ հետո՝ պարտված թեկնածուները վարչապետի որոշմամբ նշանակվեցին համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ (ԺՊ)։
Սա արդա՞ր է։ Համայնքների բնակիչներն ընտրություններով այդ մարդկանց չեն լիազորել ղեկավարելու համայնքը։ Ընդհակառակը՝ մերժել են։ Բայց, հանուն տեղական իշխանությունը զավթելու, կառավարությունը, թքած ունենալով մարդկանց քվեների վրա, պաշտոնակատար նշանակեց հենց ընտրողների մերժածներին։
Շարունակությունը պարզ է՝ ժամանակավոր պաշտոնակատարները «բուռն գործունեության պատրանք» ստեղծելով, պատրաստվեցին արտահերթ ընտրություններին, ապա ստացան ցանկալի արդյունքը։ Ընդ որում՝ դա նաեւ չեն թաքցնում։ Այսպես, Անի համայնքում արտահերթ ընտրություններում ՔՊ ցուցակի երկրորդ համար Էդգար Սաղաթելյանն ասել է, թե ժամանակավոր ղեկավարման երեք ամսվա ընթացքում քաղաքացիներն իրենց աշխատանքն էլ են տեսել, վերաբերմունքն էլ, փոփոխություններն էլ։ Ապա հավելել է. «… Հիմա արդեն տեսնում են մեր աշխատանքային ճիշտ գործելաոճը, կոմունալն է շատ լավ աշխատում, գնահատելու քայլեր կան մեծաթիվ։ Այնպես որ, նախորդ ընտրության 38-39 տոկոսից ակնկալում ենք ավելի բարձր արդյունք ու հաղթանակ»։
Սա հանգիստ կարելի է համարել ինքնախոստովանական ցուցմունք առ այն, որ նրա կուսակիցը ԺՊ է նշանակվել հենց վարչական հնարավորություններն օգտագործելով արտահերթ ընտրություններում հաղթելու համար։ Իսկ քվեարկության օրը արդարության մասին խոսելն արդեն առ ոչինչ է դառնում։
Այս երկու ընտրությունների ողջ գործընթացը՝ սկսած սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելուց մինչեւ նոր քվեարկությունը, ես համարում եմ Երեւանի ավագանու առաջիկայում կայանալիք ընտրությունների գլխավոր փորձը։
Տարբերությունն այն է միայն, որ Երեւանում ՔՊ-ի թեկնածուի՝ Տիգրան Ավինյանի «ֆալստարտը» (սպորտային տերմին է, նշանակում է՝ կեղծ մեկնարկ, երբ մարզիկը մեկնարկում է մինչ ազդանշանը- Մ. Հ.) սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերի 23-ից, երբ նա նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ։ Արդեն կես տարի Ավինյանն ամեն օր ԶԼՄ-ների էջերին ու էկրաններին է (ընդ որում՝ կարեւոր չէ, թե ինչ է անում)։ Սա է հենց վարչական ռեսուրսի չարաշահումը։
Ավելին՝ մարտի 27-ին ապագա թեկնածուն հայտարարեց, թե աշխատանքի բաժանում է կատարվել, եւ այսուհետեւ քաղաքապետարանի գործակարգավարական նիստերն ինքն է վարելու։ Շատ ծանր աշխատանք է։ Խեղճը ծանրությունը վերցրել է իր վրա, իսկ ես դրել ու քննադատում եմ…
Իսկ եթե լուրջ՝ նպատակը պարզ է։ Այս նիստերն ամենից շատն են լուսաբանվում, եւ նիստը վարողի՝ քաղաքի հոգսերով իբր մտահոգված խոսքերն ու հանձնարարականները տարածվում են բազմաթիվ լրատվամիջոցներով։
Իսկ եթե այսքան չարչարվելուց հետո էլ հանկարծ ՔՊ-ն չկարողանա Երեւանի ավագանիում մեծամասնություն ստանալ, ապա Վանաձորի, Սիսիանի կամ Անիի սցենարներից որեւէ մեկը կօգտագործի։ Օրինակ՝ հատուկ հանձնարարություններով գրպանային մի կուսակցություն կհամաձայնի դաշինքի՝ մանր-մունր պաշտոնների դիմաց։ Եթե դա էլ չհաջողվի, ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ Ավինյանին ԺՊ նշանակելու տարբերակը կա ու կա։
Ահա, այս ու այսպես է փաշինյանաՔՊական «ժողովրդավարությունը». ամեն գնով զավթել իշխանությունը ՏԻՄ-երում եւ պատրաստվել նույն սցենարներին նաեւ ապագա համապետական ընտրություններին։
Բա կարծում եք «ժողովրդավարության բարձրագույն լիգայում» խաղալը հե՞շտ բան է։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։