Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ Թուրքիայի խորհրդարանը մարտի 31-ի գիշերը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դիմումին։ Նիստին ներկա բոլոր 276 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել։
Թուրքիան ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինն էր, որը չէր վավերացրել Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին միանալու Հելսինկիի հայտը: Նախավերջին երկիրը` Հունգարիան, մարտի 27-ին էր հաստատել հայտը։ Մարտի 1-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է երկրի՝ դաշինքին միանալու մասին օրենքը։ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հաստատման գործընթացը սկսելու մասին դեռ մարտի 18-ին՝ Անկարայում Ֆինլանդիայի նախագահի հետ հանդիպումից հետո, հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն հաստատել է, որ ՆԱՏՕ-ի անդաները հավանություն են տվել իր երկրի` դաշինքին անդամակցությանը։ Նա շնորհակալություն է հայտնել աջակցության ու վստահության համար՝ նշելով, որ Ֆինլանդիան կլինի ուժեղ եւ գործունյա դաշնակից, որ հավատարիմ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը: Նինիստոն հույս է հայտնել, որ շուտով իրենց կմիանա նաեւ Շվեդիան: