«Զիջելու ոչինչ չունենք» կարգախոսով ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորումը տապալող շրջանակների քարոզչությունը 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո հասավ ապոթեոզի․ «Այս տարածաշրջանում կա՛մ Հայաստան պետք է լինի (խոսքն, իհարկե, ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի մասին էր), կա՛մ Ադրբեջան»։ Նույն մարդիկ այսօրվա իրավիճակի պատճառը ոչ թե այդ՝ գրեթե պետական մակարդակի, դիրքորոշումն են համարում, այլ «զինատյացության գաղափարախոսությունը» կամ պացիֆիզմը։ Սլաքներն ուղղվում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ բանը շատ հաճախ հասցնելով ուղղակի զազրախոսության, թե «այն, ինչ ինքը չկարողացավ անել, իրականացրեց հոգեզավակ Նիկոլը»։
Մի կողմ թողնենք ակնհայտ նոնսենսը․ «զինատյաց» Տեր-Պետրոսյանը 1991-ի տարեվերջին, երբ ստորագրվում էր ԱՊՀ կազմավորման Հռչակագիրը, կարող էր հենց Ղազախստանի մայրաքաղաքում «սեպարատ համաձայնագիր» ստորագրել Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ եւ Լեռնային Ղարաբաղի համար ինչ-որ կարգավիճակի դիմաց հարցը փակել։ Մութալիբովը, մինչդեռ, մեկուկես տասնամյակ անց խոստովանել է, որ «Կոլցո» ռազմագործողության օրերին Տեր-Պետրոսյանն իրեն ասել է, որ «դա երբեք չի ներելու»։ Եվ խոստումը կատարել է։ Դրանից չի հետեւում, թե Տեր-Պետրոսյանը պատերազմի քարոզիչ կամ հրձիգ էր։ Նա երկրի, ժողովրդի առաջնորդ էր, պարտքն է համարել վերադարձնել ազգային արժանապատվությունը, ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը։ Գերխնդիրը դա էր եւ փայլուն լուծվել է։
Ինչ խնդիր էր փորձում լուծել Հայաստանի հետտերպետրոսյանական իշխանությունը՝ ոչ ոք երբեք հստակ չի ձեւակերպել, պաշտոնական Երեւանի ավելի քան քսանամյա «տվայտանքները» պատմա-քաղաքագիտական որեւէ տրամաբանության չեն տրվում։ Եթե խնդիրը 1994-ի ստատուս քվոն պահպանելն ու փաստացի գոյություն ունեցող ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի իրավական հռչակագրումն էր, ապա բանակցությունների ի՞նչ կարիք կար։ Չէ՞ որ «ոզնուն» էլ հասկանալի էր, որ Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնի, միջազգային հանրությունը Հայաստանին չի աջակցի։ Իսկ եթե նպատակը փոխընդունելի լուծման հասնելն էր, ապա ինչո՞ւ էր ժամանակը ձգվում։
Պացիֆիզմը չի կարելի խեղաթյուրել։ Խաղաղ-բանակցային կարգավորման հայեցակարգը ոչ մի առնչություն չունի անձնատվության, ամեն ինչ հանձնելու գնով հակառակորդի բարեհաճությանն արժանանալու նվաստացման հետ։ Դա հաշվարկված, պրագմատիկ քաղաքականություն էր, որ կարճ կարելի է ձեւակերպել այսպես․ «Չպետք է արյուն հեղել մի բանի համար, որին կարելի է հասնել արդեն իսկ հեղված արյան շնորհիվ ունեցած առավելությունը «կոնվերտացնելու» միջոցով»։
Այդ բացառիկ հնարավորությունը մսխվել է։ Եվ որքան էլ դժվար լինի խոստովանել, ունենք իրավիճակ, երբ թշնամին է ասում՝ «այս տարածաշրջանում ազատ, անկախ եւ միացյալ Ադրբեջան պետք է լինի»։
Որն է դիմակայության Հայաստանի ռեսուրսը՝ գաղտնիք չէ։ «Բանակցողը պետք է փոխվի» նարատիվը միայն ներքին օգտագործման «ապրանք» է։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանն է պարտվել, այլ Հայաստանը։ (Կարող ենք ձեւակերպել, որ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանը տարել պարտության, բայց Ադրբեջանի եւ շահագրգիռ կողմերի համար դրանից ոչինչ չի փոխվի։ Եղել է պատերազմ, հետեւանքներն աչքի առաջ են)։ Ահա ուժերի հարաբերակցության այս պայմաններում ի՞նչ կարելի է անել, եթե «խաղաղությունը չեն մուրում, այլ նվաճում են» քարոզչությունը մեզ տանում է դեպի ռազմական նոր բախման։
Ընդ որում՝ պատերազմի թատերաբեմ կլինի Հայաստանի ամբողջ տարածքը։ Թշնամուն ամենեւին չի հետաքրքրում, թե որ դարում եւ ինչպես է կազմվել «Աշխարհացույցը», որտեղ Արցախը Մեծ Հայքի տասներորդ նահանգ է։ Ալիեւը հայտարարել է, որ իրենց «ոչ ոք չի կանգնեցնում», Ադրբեջանը «հարգում է միջազգային իրավունքը»։ Հաս-կա-նա-լի՞ է։ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի ենթադրությամբ՝ Ալիեւը չի ցանկանա «նմանվել Պուտինին»։ Ենթատեքստը հասանելի՞ է։ Ուզում է ասել՝ Ադրբեջանը «չի գնա Հայաստանի տարածքի խորքային օկուպացիայի»։ Մի բարձունք՝ այստեղ, մյուսն՝ այնտեղ՝ միջազգային հանրության համար խնդիր չէ։ Ոչ ոքի չի հետաքրքրում, թե Տեղ գյուղի արոտավայրերը քանի հեկտարով են կրճատվել կամ դարձյալ կկրճատվեն։
Սա է առարկայական կամ «գետնի վրա» իրավիճակը։ Սարերում ձնծաղիկը բացվում է թե՛ հայ, թե՛ թուրք դիրքապահ զինվորի համար։ Այդ միայն բանաստեղծության մեջ են «ձյուները հայերեն լալիս»։ Իրականության մեջ Իշխանասարի մի բարձունքում թուրքի զինվորն է, մյուսին՝ հայը։ Ինչ արժե ոչ պացիֆիզմը՝ որոշվում է Սոթք-Խոզնավար-Տեղ-Կոռնիձոր միջդիրքային գծի վրա։ Եթե կարող ես, փոխիր։ Եթե կարող ես, վստահեցրու, որ կոռնիձորցին տունը չվաճառի, իրեն չտա Երեւան «մեգապոլիսի ապահովությանը»։ Ասում է՝ եթե պատերազմ սկսվի, թող «Նիկոլ ընտրողները գնան կռվելու»։ Պետք է համոզված լինել՝ ե՛ւ 2018-ին, ե՛ւ 2021-ին այդ մարդն անհատապես քվեարկել է Նիկոլ Փաշինյանին, նրա Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։
Ինչպես որ «ոչինչ զիջելու չունենք»-ի օգտին ութ հարյուր հազար մարդ է քվեարկել 2017-ին, բայց նրանցից շատերն այսօր պիղատոսաբար ձեռքները լվանում, պատասխանատվությունից մի կողմ են կանգնում։ «Մեղավորը» Սերժ Սարգսյանն է, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, մեղավոր են «Սասնա ծռերը» եւ ԱԺԲ-ն, իսկ մոտ մեկ միլիոն քաղաքացի երբեք ոչմիթիզական չի եղել։ Ահավոր է, երբ անցյալը բարդվում է ուրիշի պատասխանատվությանը։ Կատարյալ ողբերգությունը, սակայն, ապագայի դիմաց անմեղ կանգնելու նախապատրաստությունն է։ Երբ պացիֆիզմը ներկայացվում է իբրեւ անձնատվություն։ Հաղթական ոչմիթիզականությունը բերեց աղետալի պատերազմի։ Ի՞նչ կբերի պարտված ոչմիթիզականությունը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։