Հայաստանի հանրային դաշտում իշխանության, ընդդիմության եւ մամուլի անդուլ ջանքերի շնորհիվ տպավորություն է ստեղծվել ու գեներացվում, թե Հայաստանը Ռուսաստանի եւ նրա արբանյակ կազմակերպություններից (ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ) դուրս գալու ճանապարհին է։ Ավելին՝ դրան հավելվում է նաեւ մեկ այլ քարոզ, թե Հայաստանն ուղիղ ու վստահորեն շարժվում է դեպի Արեւմուտք՝ ժողովրդավարական, քաղաքական, ռազմական ու տնտեսական նոր հովանու ակնկալիքով՝ ձիթենյաց ավետաբեր ճյուղը ձեռքին։
Հարկավ, պաշտոնական հայտարարությունների մակարդակում կարող է նույնիսկ թվալ, թե Հայաստանն արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը, պատգամավոր Գագիկ Մելքոնյանը անձամբ է ձերբակալել Հայաստան այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ խաղաղության դարաշրջանն այնքան կայուն ու հուսալի է կյանքի կոչվել, որ մենք այն նույնիսկ չենք նկատում։ Բայց մարդը եւ հատկապես բանական մարդը, թե կուզեք՝ հանրային խոսքն ու գործողությունները հետազոտողը, գիտի, որ խոսքերը ստեղծված են մտքերը թաքցնելու եւ իրական քայլերը կոծկելու համար։
Իսկ մեզ, որ համարվում ենք բանական մարդիկ, հարկ է նայել փաստերին ու միայն փաստերին։ Եվ ուրեմն կարճ շարք, թե ինչ է ասվել եւ ինչ ունենք իրականում։
1. Ասվել է. «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս մեր միջից», ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է սկսել, ՀԱՊԿ-ը չի ճանաչում մեր սահմանները։
Դե ֆակտո՝ չի սկսվել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց, ավելին՝ շեշտվում է, որ ՀԱՊԿ զորքերի ՀՀ սահմանին հնարավոր տեղակայման փաստաթղթավորումը հետ չի կանչվել ՀՀ-ի կողմից եւ դեռ ընթացքի մեջ է (տե՛ս Միրզոյան-Լավրով ասուլիսը)։
2. Ասվել է. Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը եւ դառնում է «հայկական խաչմերուկ»։
Դե ֆակտո. 2020-ի պատերազմից հետո Հայաստանն իր ամենակարեւոր հարկատուին՝ ԶՊՄԿ-ին, հանձնել է ռուսական կապիտալին, Հայաստանն ավելի է խորացրել իր ինտեգրացիան ԵԱՏՄ շուկայի հետ։ Ռուսաստանը Հայաստանը դարձրել է իր «զուգահեռ ներկրման» եւ պատժամիջոցների շրջանցման հարթակ։ Հայաստան է եկել շուրջ 100 հազար ռուսական ռելոկանտ, բերել են մի քանի միլիարդ դոլար, եւ այդ փողն ուղղվել է շինարարության, սպասարկման, առեւտրի ոլորտներին, թոշակ, նպաստ, աշխատավարձեր վճարելուն (կարճ՝ սպառում, նույնն է թե՝ ներկրում Ռուսաստանից)։
3. Ասվել է. Հայաստանն իրականացնում է արտաքին քաղաքականության «դիպլոմատիզացիա» (անհասկանալի պաթոսային, ոչինչ չասող տերմին)։
Դե ֆակտո. Հայաստանը շարունակում է խաղալ ՌԴ միջազգային շահերի տիրույթում, ԱՄՆ-ի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովում Հայաստանը հրաժարվում է պրոուկրաինական եւ պրոժողովրդավարական ճամբարին միանալուց։
4. Ասվել է. Հայաստանը ընտրում է Վաշինգտոնյան, Բրյուսելյան եւ Մոսկովյան հարթակը ԼՂ կարգավորման, խաղաղության բանակցությունների շրջանակներում։
Դե ֆակտո. Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կասեցված են, Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններից (ԱՄՆ, ԵՄ տարբերակ)։
5. Ասվել է. ՀԱՊԿ-ը չի ճանաչում ՀՀ սահմանները եւ չի պաշտպանում դրանք։
Դե ֆակտո. Հայաստանը պատասխանատվությունը «շեղում է» ՌԴ-ի վրայից՝ դնելով այն ՀԱՊԿ ամորֆ, ոչինչ չասող կառույցի վրա։ Հայաստանը չի շեշտադրում ՀՀ-ՌԴ 1997 թվականի պաշտպանության եւ անվտանգության պայմանագրով նախատեսված ՌԴ պարտավորությունները։
6. Ասվել է. Մենք «Արեւմտյան» ընտանիքի, ժողովրդավարական արժեքների, իրավունքի գերակայության եւ ռեֆորմների ջատագովն ենք։
Դե ֆակտո. Հայաստանում ոչ մի շոշափելի, իրական ռեֆորմ թե՛ արդարադատության, թե՛ քաղաքական ոլորտում չի իրականացվել։ Պահպանվել եւ էլ ավելի է կատարելագործվել Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական կոստյումը»։ Ամեն օր ի հայտ են գալիս կոռուպցիայի, նեպոտիզմի ու կլիենտիզմի նորանոր դեպքեր։
7. Ասվել է. ՀՀ-ն տնտեսության դիվերսիֆիկացիա է անում եւ հակակշիռներ ստեղծում։
Դե ֆակտո. ՀՀ էներգետիկ, անվտանգային, տնտեսական եւ մշակութային ոլորտները ՌԴ՝ մետրոպոլիայի տոտալ ազդեցության տակ են՝ դրա բոլոր ածանցյալներով։
8. Ասվել է. Հայաստանը գնում է բանակցությունների եւ խաղաղության դարաշրջանի ճանապարհով։
Դե ֆակտո. Հանրային տրամադրություններում ամրապնդվում է Ադրբեջանի հետ անհնարին խաղաղության թեզը, վերաձեւակերպվում եւ վերակառուցվում է «նոր ստատուս քվոն», Հայաստանում կրկին արտադրվում է զինվենք, պայքարենք, դիմադրենք նարատիվը։
Թվարկումը կարելի է անվերջ շարունակել եւ հարստացնել նորանոր իրողություններով, որոնք ուղղակի հակասության մեջ են պաշտոնական, քարոզվող «հակառուսական» նարատիվի հետ։
Արդարացիորեն կհարցնեք, թե ինչու է այս ամենն արվում։ Պատասխանը կարող է պարզ լինել իր բարդության մեջ։ Հայաստանում էլիտաները՝ իշխանությունը, ընդդիմությունը եւ մամուլի մի մասը, Ռուսաստանի զգալի ազդեցության տակ են եւ, առերեւույթ հակառուսական ձեւանալով, դե ֆակտո ավելի են ինտեգրվում ռուսական համակարգին՝ նրա համար «փողերի լվացման» եւ պատժամիջոցների շրջանցման հիանալի հարթակ դառնալով։
Միեւնույն ժամանակ Հայաստանի իշխանություններն իրենց այս «պրոարեւմտյան» կողմնորոշումը «վաճառում են» Արեւմուտքի վրա եւ նույն այդ կողմնորոշմամբ էլ շանտաժի ենթարկում Ռուսաստանին։
Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության գնահատականը պետք է տրվի ոչ թե «ականջներով», այլ դե ֆակտո գործողություններով, այսպես ասած՝ «չոր մնացորդով», իսկ չոր մնացորդն էլ 2020-ի պատերազմից հետո էլ ավելի պրոռուսական քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտների ինտեգրումն է Ռուսաստանի համապատասխան համակարգերի հետ։
Երբեմն նաեւ զարմանալի է, որ հասարակությունը, լինելով կենցաղում գերպրագմատիկ եւ բազմաքայլ սպառող, չգիտես ինչու հանրային կյանքի, հանրային քաղաքականության եւ արտաքին քաղաքականության գնահատականներում դառնում է անհուսալիորեն «կույր»՝ միգուցե անվտանգ ինքնախաբեության, միգուցե ինչ-ինչ հոգեբանական ու խմբային շահերից ելնելով ինքն իրեն համոզում է, թե Հայաստանը շարժվում է «Արեւմտյան» ուղղությամբ, եւ Հայաստանի իշխանությունները ՀՀ պատմության ամենահակառուսական կուրսն են որդեգրել՝ դե ֆակտո էլ ավելի խրվելով ու էլ ավելի ենթակա դառնալով Ռուսաստանին։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։