Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին CNN-ի հետ հարցազրույցում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքելու Ռուսաստանը՝ անկախ ուղեւորության նպատակից եւ զբաղմունքից: «Ռուսաստանը ձեզ համար լավագույն տեղը չէ, նույնիսկ եթե դուք լրագրող եք»,- ասել է Քիրբին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ կոչ անելով ազատ արձակելու մարտի 30-ին Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին: Ռուսական կողմի պնդմամբ՝ նա ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկի մասին «գաղտնի տեղեկություններ է հավաքել»։ Լրագրողին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։
Լրատվամիջոցները նշում են, որ ամերիկացի լրագրողն իրականում Եկատերինբուրգում հետաքննում էր տեղի բնակիչներին Ուկրաինայում կռվելու համար հավաքագրող «Վագներ» մասնավոր ընկերության գործունեությունը: