Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նախօրեին Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Բեն Հոջեսը ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է զավթել Սեւ եւ Ազովի ծովերի ափերը:
«Կրեմլը ուզում է ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել սևծովյան ափը, դրանց թվում՝ Մարիուպոլը, Օդեսան եւ Բերդյանսկը»,- պնդել է գեներալը:
Ռուսական կողմը բազմիցս ընդգծել է, որ մտադիր չէ թափանցել ուրիշ երկրների տարածք: Միեւնույն ժամանակ Կրեմլն անհանգստացած է ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակմամբ:
Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն էլ օրերս հայտարարել էր, որ հստակ ծրագրեր կան Դոնբասի մատույցներ ամերիկյան հակատանկային հրթիռային համալիրների եւ թուրքական ԱԹՍ-ների մատակարման մասին:
Հիշեցնենք, որ Դոնբասի շուրջը իրավիճակը սկսեց լարվել փետրվարին՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովրդական միլիցիայի գումարտակի հրամանատարի դեմ մահափորձից հետո: Դրանից հետո ԴԺՀ–ում սկսեցին պատրաստվել Կիեւի զանգվածային գրոհին եւ հատման գծում զորքեր կուտակեցին:
Իսկ մարտին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ռուսլան Խոմչակը գրոհի սցենարը հնարավոր էր համարել: Սակայն ավելի ուշ նա հերքել էր իր այդ արտահայտությունը ու հայտարարել, որ պաշտոնական Կիեւը հակամարտությունն ուժային եղանակով լուծելու ծրագրեր չունի:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեռ այն ժամանակ անհանգստություն արտահայտեց հակամարտության գոտում փոխհրաձգությունների կապակցությամբ: Նա ենթադրել էր, որ փոխհրաձգությունների վերաբերյալ որոշումներն ընդունում են ուկրաինական դաշտային հրամանատարները՝ չսպասելով բարձրագույն ղեկավարության թույլտվությանը: