Կառավարությունում որոշում են ընդունել «ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով» հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը՝ ելնելով թերթերի՝ 2022-ի ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկից։ Ըստ «Արմենպրես»-ի՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը։ Մասնավորապես, որոշում է ընդունվել նաեւ որոշակի փոփոխությունների ենթարկելու եւ արդիականացնելու «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը։ «Արմենպրես»-ի հաստիքացուցակը կփոփոխվի՝ պարսկերենով, վրացերենով եւ չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ու «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017-ից ընդգրկված էին «Արմենպրես»-ի կազմում։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ։ Սկզբում տպագրվել է հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ։ Առաջին գլխավոր խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը (1990-1997), 1997-ից մինչեւ 1998-ի հունվար՝ Մեսրոպ Հարությունյանը, 1998-ի փետրվարից հոկտեմբեր՝ Լիզա Ճաղարյանը, 1998-ի հոկտեմբերից մինչեւ 2001-ի փետրվար՝ Աշոտ Աղաբաբյանը։ Առաջին համարը լույս է տեսել 1990-ի հոկտեմբերի 9-ին։ Հետագայում` 1992-ի նոյեմբերից, «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է եւ սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ, իսկ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը՝ իբրեւ Գերագույն խորհրդի, այնուհետեւ` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնաթերթ, շարունակել է լույս տեսնել մինչեւ 2000-ի վերջը։ 2001-ին ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ն, որը հրատարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը։ Այդ կարգավիճակով այն սկսել է լույս տեսնել 2001-ի ապրիլի 9-ից առ այսօր։