Ըստ RTCG գործակալության՝ Չեռնոգորիայի գործող նախագահ, Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Միլո Ջուկանովիչն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Նա հայտարարել է, որ հարգում է երկրի քաղաքացիների ընտրությունը եւ հաղթանակի առթիվ շնորհավորել է իր մրցակցին՝ «Եվրոպան հիմա» շարժման թեկնածու, Չեռնոգորիայի տնտեսական զարգացման նախկին նախարար Յակով Միլատովիչին։ Երկրորդ փուլում քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո Չեռնոգորիայի գործող նախագահը հավաքել է 40%, Միլատովիչը՝ 60%: Չեռնոգորիայի մշտադիտարկման կենտրոնի տվյալներով ընտրողների մասնակցությունը եղել է մոտ 70%։
Ըստ բրիտանական BBC-ի՝ Ֆինլանդիայում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողական «Ազգային կոալիցիոն» կուսակցությունը՝ Պետերի Օրպոյի գլխավորությամբ, ստանալով ձայների 20,8%-ը, առաջ է անցել 20,1% ձայն ստացած Ռիիկա Պուրայի «Իրական ֆիններ», ինչպես նաեւ 19,9% ստացած գործող վարչապետ Սաննա Մարինի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցություններից: Ընտրությունների արդյունքներով կառավարություն կկազմեն պահպանողականները, որոնք 200-տեղանոց խորհրդարանում պետք է ունենան առնվազն 100 մանդատ: Ֆինլանդիայի հաջորդ վարչապետը հավանաբար կդառնա 53-ամյա Պետերի Օրպոն:
37-ամյա Սաննա Մարինը, որն աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն էր, երբ 2019-ին դարձավ Ֆինլանդիայի վարչապետ եւ գլխավորում էր կին առաջնորդների հինգ կուսակցություններից կազմված կոալիցիան, ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել մրցակիցներին: Ռիիկա Պուրան եւս շնորհավորել է «Ազգային կոալիցիոն» կուսակցությանը հաղթանակի առթիվ եւ արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները լավագույնն էին «Իրական ֆիններ»-ի ամբողջ պատմության ընթացքում: