Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) ապրիլի 3-ին զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որտեղ գնահատվում է առաջընթացը երկրին տրված առաջարկությունների կատարման հարցում: GRECO-ն համարում է, որ պատգամավորների, դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների կատարման հարցում Հայաստանը որոշակի առաջընթաց է գրանցել:
Ըստ եզրակացության՝ Հայաստանը որոշ քայլեր է ձեռնարկել չիրագործված առաջարկությունները կատարելու համար։ 2015-ին տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել են ամբողջությամբ, մյուսները՝ մասամբ: Նշվում է, որ առաջարկություններին Հայաստանի համապատասխանության ներկայիս մակարդակն այլեւս «համաշխարհային առումով անբավարար» չէ, ինչպես 2019-ին էր։
Եվրոպայի խորհրդի Հակակոռուպցիոն մարմինը հայաստանյան պատվիրակության ղեկավարին հորդորել է ամենաուշը մինչեւ 2024-ի մարտի 31-ը ներկայացնել հաշվետվություն առաջարկությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։