Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանը խախտել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը եւ արգելել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ։ ՄԻՊ-ը նշել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 քաղաքացի, նրանց թվում տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ 15:30-ի սահմաններում, ՀՀ Գորիս քաղաքից ուղեւորվել են Ստեփանակերտ։
«Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ստեփանյանը։ Այդ հատվածում շուրջ 5 ժամ մնալուց հետո 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Նրանք ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ բոլորին ցուցաբերվել է պատշաճ առաջին օգնություն։ Կանայք բժիշկների հսկողության տակ են, նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում: