ՀՀ ԱԺ-ն նախատեսում է եգիպտացորեն, սոյայի պտուղներ եւ սոյայի որոշակի մնացորդներ ներմուծող որոշ տնտեսվարողների ազատել ավելացված արժեքի հարկից։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին է ներկայացրել համապատասխան օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նա հայտնել է, որ նշված ներմուծվող ապրանքները հիմնականում օգտագործվում են թռչնամիս արտադրելու համար կերի պատրաստման գործընթացում։
«Թռչնամսի մասով մենք ինքնաբավ չենք, բավական ցածր մակարդակի վրա է։ Փոփոխության միջոցով ցանկանում ենք մեր արտադրողներին հնարավորություն տալ, ստեղծել ավելի մրցունակ ինքնարժեք ունենալ»,- նշել է Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հավելել է, որ թռչնամսի ինքնարժեքի զգալի մասը ձեւավորվում է կերից, եւ ԱԱՀ-ն սահմանին չգանձելու պարագայում հնարավորություն է ստեղծվում ֆինանսական առումով ավելի դրական վիճակում լինել, երբ հերթը հասնում է արտադրության փուլին։ Պաշտոնյան շեշտել է, որ ԱԱՀ-ն կգանձվի իրացման փուլում։
Հարցին՝ ինչպես է տնտեսվարողը դառնում մրցունակ, եթե իրացման փուլում միեւնույնն է՝ ԱԱՀ-ն գանձվելու է, փոխնախարարը բացատրել է, որ տնտեսվարողի ներմուծած ապրանքն ավելի մեծ արժեշղթայի մաս է։ Ըստ նրա՝ առավելությունն այն է, որ քաղաքացին հումք է ներմուծում, եւ դեռ դրանից վաճառք չունենալով` ֆինանսական որոշակի հարցեր են առաջանում։ Սկզբում մեծ չափի վճար է պետք կատարել, ապա արտադրություն սկսել, դրանից հետո էլ իրացնել եւ որոշակի եկամուտ ստանալ։