Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ կազմակերպության ներկայացուցիչները ապրիլի 3-ին առանձնազրույցի ձեւաչափով տեսակցել են Բաքվում «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրան հնարավորություն է ընձեռվել կատարել հեռախոսազանգ ընտանիքին։
Սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին խոշտանգելով սպանել են։ Դրանից հետո կինը` Լինդա Էուլջեքյանը, բաց նամակ էր գրել` դիմելով ՄԱԿ–ի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ առաջնորդներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին եւ իրավապաշտպան կազմակերպություններին: Լինդա Էուլջեքյանը միջազգային իրավապաշտպան կառույցներից եւ համաշխարհային առաջնորդներից խնդրել էր պարզել` արդյոք իր ամուսինը մահացե՞լ է, թե՞ ողջ է։ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը նրանից լուր չի ունեցել 2023-ի հունվարի 27-ից ի վեր։
Վիգեն Էուլջեքչյանը 2015-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երեւան, այնուհետեւ` Շուշի։ 2020-ի նոյեմբերի 10-ին նրան եւ Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։