Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհիմն է համարում ռուսական բանակի զորաշարժը Ուկրաինայի սահմանին:
Ստոլտենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ուշիուշով հետեւում է զորաշարժին. 2014-ից ի վեր տարածաշրջանում ռազմական ուժերի նման խոշորագույն կենտրոնացում չի եղել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ լիովին պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին, իսկ դաշինքի անդամ երկրները շարունակելու են աջակցել Կիեւին՝ իր անվտանգությունն ապահովելու հարցում ոչ միայն խոսքով, այլեւ գործով:
Ստոլտենբերգը հիշեցրել է, որ արդեն իսկ ընդլայնված հնարավորություններով գործընկերոջ կարգավիճակ է շնորհվել Ուկրաինային: Նա հավելել է, որ ուկրաինացի զինվորականներն ու դաշինքի ուժերը բազմիցս համատեղ զորավարժություններ են անցկացրել:
Նախօրեին Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնբասում տեղի ունեցողը նորուկրաինական ընդհարում է, որին ռուսական զորքերը երբեք չեն մասնակցել:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ Արեւմուտքը աչքերը փակում է Դոնբասում Կիեւի ռազմական պատրաստությունների վրա:
Լավրովը զգուշացրել է, որ Դոնբասում պատերազմ հրահրողներն ի վիճակի են իրենց քայլով ոչնչացնելու Ուկրաինան: Լավրովը հույս է հայտնել, որ Արեւմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ Կիեւին չի դրդի դիմելու ռազմական արկածախնդրության:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի ուշ հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն զորքեր են մոտեցնում Ռուսաստանի արեւմտյան սահմաններին:
Ըստ Շոյգուի՝ տեղակայվելու են 40 հազար զինծառայող եւ 15 հազար զինտեխնիկա։ Հիմնական ուժերը տեղակայվում են Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում։