Հռոմի Ֆրանցիսկոս պապը առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայի պատերազմական գոտում եւ Ռուսաստանի նոր շրջաններում՝ կաթոլիկների եւ ուղղափառների Սուրբ Զատկի եւ դրա հետ կապված տոնակատարությունների ժամանակ։
Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը հովվապետի հետ ունեցած անձնական զրույցից հետո հայտնել է, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի համար այդ թեման շատ կարեւոր է, եւ նա անձամբ խնդրել է իր անունից տարածել այդ հայտարարությունը: Կաթոլիկ եկեղեցին այս տարի Զատիկը նշում է առաջիկա կիրակի՝ ապրիլի 9-ին, ուղղափառ քրիստոնյաներն այն նշում են մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չեն տեսել Վատիկանի պաշտոնական հայտարարությունը՝ Ուկրաինայում Զատկի տոնին զինադադար հայտարարելու առաջարկով, հետեւաբար լրատվամիջոցների տեղեկություններն այդ թեմայով չեն մեկնաբանել: