ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ 2022-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների 76%-ը` 19 հազար 427-ը, ՌԴ-ից են։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ընդհանուր դիմումների թիվն անցած տարի հասել է 25 հազար 515-ի։ Սա մոտ 3 անգամ ավելի է 2021-ին գրանցված ցուցանիշից` 8500 մարդ։ Դիմումատուների ավելի քան 90%-ն ազգությամբ հայ են: Քաղաքացիություն ստանալու համար դիմել է նաեւ 56 քաղաքացիություն չունեցող մարդ։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Վրաստանից դիմել են 1934, Լիբանանից` 1300, Սիրիայից՝ 741, Իրանից՝ 587, ԱՄՆ-ից՝ 294, Ուկրաինայից՝ 281 եւ Հորդանանից՝ 173 մարդ։ Նախորդ տարվա ընթացքում կացության կարգավիճակ է ստացել օտարերկրացի դիմումատուներից 16 հազար 157-ը, որոնց միայն 20%-ն է մշտական կացության կարգավիճակով։ Մեծ մասը՝ 8562 մարդ, ՌԴ քաղաքացիներ են, որոնցից 6665-ը ստացել են ժամանակավոր կացության կարգավիճակ, 1897-ը` մշտական։
2022-ի ընթացքում ՀՀ-ում կացության իրավունք է ստացել նաեւ Հնդկաստանի 2212 քաղաքացի, որոնցից մշտական` միայն 30-ը, նաեւ Իրանի 1607, Ուկրաինայի 385, Վրաստանի 372, Լիբանանի 295 եւ Սիրիայի 229 քաղաքացի։ ՀՀ-ում կացության իրավունք են ստացել նաեւ աֆրիկյան պետությունների, մասնավորապես՝ Նիգերիայի, Գանայի եւ Եգիպտոսի քաղաքացիներ։ 2022-ին ՌԴ քաղաքացու անձնագրերով սահմանների (մուտքերի եւ ելքերի) հատման տարբերությունը եղել է 65 հազար մարդ։ Դա գրեթե 2,5 անգամ գերազանցում է 2021-ի ցուցանիշը։
2023-ի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թիվն աճել է 35%-ով
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2023-ի հունվար-մարտի ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը եղել է մոտ 450 հազար մարդ: Սա առավել քան 35%-ով ավելի է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Մարտին Հայաստան է այցելել մոտ 160 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 84 հազար հոգու համեմատ։ Զբոսաշրջության այցելությունների քանակով առաջին եռյակը շարունակում են մնալ Ռուսաստանը, Վրաստանը եւ Իրանը։