Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ համատեղ գազ մատակարարել եվրոպական երկրներ։ CNN Türk–ին տված հարցազրույցում Դոնմեզն ասել է, որ Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է, որի պետական նավթային SOCAR ընկերությունը Թուրքիայի խոշորագույն ներդրողներից է։ Նա հավելել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական BOTAŞ եւ SOCAR ընկերությունները նոր կազմակերպություն են ստեղծել։
«Մենք գազ ենք մատակարարելու դեպի Եվրոպա։ Հայտարարել ենք, որ դառնալու ենք գազի առեւտրով զբաղվող կենտրոն։ Ադրբեջանն էլ է աջակցում այս գաղափարին։ Բալկանյան երկրները մեզնից եւ Ադրբեջանից գազ են պահանջում։ Այս հարցում մենք միասին ենք գործելու»,– ասել է Դոնմեզը։ Նա հավելել է, որ այդ համագործակցությունը կլինի նաեւ 3-րդ երկրում։
Էներգետիկ ճգնաժամը Եվրամիությունում սրվեց 2022-ի հուլիսի սկզբին, երբ ի հայտ եկան Ռուսաստանից ԵՄ–ի մի շարք երկրներ գազի մատակարարումների առաջին խափանումները, դրանց թվում` ՌԴ–ի նկատմամբ սահմանած պատժամիջոցների հետեւանքով «Հյուսիսային հոսքի» համար տուրբինների տեխնիկական սպասարկման խնդիրների պատճառով։