Մարտի 9-ին ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության հեռարձակած «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում՝ ոչ միայն ֆրանսահայ, այլ նաեւ ֆրանսիացի օգտատերերի շրջանում։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ Arte-France հեռուստաալիքի տնօրենությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ եւ ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։
Ի պատասխան՝ «Arte» հեռուստաընկերությունը ստիպված է եղել հանդես գալ ռեպորտաժի վերաբերյալ պարզաբանմամբ։ Մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ «Arte Reportage» հաղորդաշարով առ այսօր հեռուստաընկերությունը պատրաստել եւ հեռարձակել է հայկական կողմի վկայություններով մի քանի ռեպորտաժներ, որոնցից են «Հայաստան․ գնդապետի չորս պատերազմները», «Հայաստան․ Ղարաբաղն աշխարհից դուրս»-ը եւ «Լեռնային Ղարաբաղ․ երկու երեխա պատերազմում»-ը։ Հեռուստաընկերությունը նաեւ հավաստիացրել է, որ երբեւիցե նպատակ չի ունեցել իր ռեպորտաժներով հավանության արժանացնելու այս կամ այն երկրի պաշտոնական դիսկուրսը: