Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Չինաստանը ապրիլի 8-ից եռօրյա զորավարժություններ է անցկացնում իր ապստամբ նահանգը համարող Թայվանի մերձակայքում եւ դիպուկ հարվածներ է հասցնում տարածաշրջանի եւ հարակից ջրերի ենթադրյալ թիրախներին։ Զորավարժությունների հիմնական նպատակն է մշակել «կղզու ամբողջական շրջապատումը»։ Ըստ Չինաստանի պետական CCTV հեռուստաընկերության՝ Պեկինը զորավարժանքը կոչել է «Խիստ նախազգուշացում» ինքնավար տարածքի իշխանություններին Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ անցյալ շաբաթ ԱՄՆ կատարած այցից հետո։ Թայվանի զինված ուժերը կիրակի գրանցել են Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի 70 ինքնաթիռների եւ 11 նավերի մոտենալը կղզուն, 35 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գիծը եւ մտել Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտի։
Ամերիկյան կողմը կմիջամտի, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա
Թայվանի շուրջ իրավիճակը սրվեց, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին 2022-ի օգոստոսին այցելեց կղզի։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգը, դատապարտեց այդ այցը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը աջակցում է թայվանական անջատողականությանը: Վաշինգտոնը հայտարարում է, որ չի ճանաչում Թայվանը որպես անկախ պետություն, ինչպես ՄԱԿ-ի երկրների մեծ մասը, սակայն կտրականապես դեմ է կղզին ուժով Չինաստանին միացնելու Պեկինի սպառնալիքներին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ընդգծել է, որ ամերիկյան կողմը կմիջամտի, եթե Չինաստանը հարձակվի Թայվանի վրա։
Պատմական տեղեկանք
ՉԺՀ-ն միշտ կտրուկ է արձագանքել ամերիկյան քաղաքական գործիչների եւ Թայվանի ղեկավարության բացահայտ շփումներին՝ պնդելով, որ դրանք խաթարում են «Մեկ Չինաստան» սկզբունքը, որը ԱՄՆ-ը ճանաչել է 1972-ին։ ՉԺՀ կենտրոնական կառավարության եւ նրա նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949-ին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը Չիանգ Կայշիի գլխավորությամբ տեղափոխվեցին Թայվան։ Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործարար եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին։