ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալու Հայաստան։ Նա նշել է, որ դրա մասին ասվել ու ասվում է ամենաբարձր մակարդակներով։ «Այս հարցերը հիմա քննարկվում են, աշխատանքներ են տարվում այդ հարցի շուրջ։ Արդյունքում մենք կհասկանանք՝ ինչ որոշում է ընդունվել»,- նշել է ռուս դեսպանը։ Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` ՀՀ–ում ՌԴ դեսպանը նշել է, որ երկու երկրների մեջ կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց դա, նրա գնահատմամբ, նորմալ է, քանի որ այն, ինչ միավորում է ՌԴ-ին ու ՀՀ-ին, կմնա ու կլինի ամուր։
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը սպառնում է Բրյուսել-Բաքու գործարքին
Ըստ ամերիկյան «Politico»-ի՝ ՀՀ-ում Եվրամիություն դիտորդական առաքելությունը, ինչպես նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող ԵԽ զեկույցը կարող են վտանգել այդ երկրից ԵՄ գազի արտահանման կրկնապատկման մասին նախորդ տարվա հուլիսին կնքված համաձայնագիրը։ Ըստ «Politico»-ի` ԵՄ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո Ադրբեջանը զգուշացնում է իր գործերին օտարերկրյա միջամտության մասին: «Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Պարեկության եւ այլնի մասին բոլոր համապատասխան տեղեկությունները փոխանցում ենք Ադրբեջանին, քանի որ չենք ուզում խնդիրներ ունենալ»,- շեշտել է ԵՄ դիվանագիտական ծառայության անանուն բարձրաստիճան պաշտոնյան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԵՄ-ի՝ Հայաստանում ամրապնդվելու ձգտման մեջ բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ կա, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից եւ արվում է ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու եւ նրա` որպես անվտանգության գլխավոր երաշխավորի պատմական դերը թուլացնելու համար: