«Սիոնիստական ռեժիմի դեգրադացիան ակնհայտ է»,- կառավարության նիստին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռեիսին։ Մինչ այդ նա հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Սիրիայի եւ Ալժիրի, նույնիսկ Թուրքմենստանի նախագահի հետ։
Իրանը ձգտում է հակաիսրայելական դաշինք ձեւավորելու։ Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի շուրջ իրավիճակը, կարծես, բացահայտեց, որ Իսրայելն այնքան էլ անխոցելի չէ։ Լիբանանի հարավից «Հեզբոլլահ» խմբավորումը թիրախավորեց իսրայելական բնակավայրերը, իսկ Գազայի հատվածում փաստացի իշխանություն հաստատած «Համասը» սպառնաց «ինտիֆադա», անգամ «ջիհադ» նախաձեռնել։ Ալ-Ակսա մզկիթի դեմ գրոհը համերաշխորեն դատապարտեցին գրեթե բոլոր արաբական երկրները, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ «այդ եղկելի գործողության դեմ» չի լռի։
Իսրայելը ներքաղաքական ճգնաժամի նախաշեմին է։ Կառավարության օրենսդրական նախաձեռնության դեմ, որով պետք է սահմանափակվեին Գերագույն դատարանի՝ խորհրդարանի ընդունած օրենքը կասեցնելու լիազորությունները, բողոքի զանգվածային ցույցերին գրեթե կես միլիոն մարդ է մասնակցել։ Վարչապետ Նաթանյահուն ստիպված էր առկախել Կնեսետում օրինագծի քվեարկությունը։ Արեւմտյան մամուլը գրում է, որ նրա կոալիցիոն կառավարության «ճակատագիրը մազից է կախված», եւ կանխատեսում, որ Իսրայելին վերջին հինգ տարվա մեջ վեցերորդ խորհրդարանական ընտրություններն են սպասվում։ Սա ակնհայտ ահազանգ է, որ հրեական պետությունում «ինչ-որ բան այն չէ»։
Բայց ինչո՞վ է դա մեզ հետաքրքիր։
Հայ հանրության մեջ Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը մի ծայրահեղությունից անցնում է մյուսին։ Շուրջ երկու տասնամյակ մեզանում մտայնություն կար, որ Հայաստանը Հարավային Կովկասում կարող է այն դերն ունենալ, ինչ Իսրայելը՝ Մերձավոր Արեւելքում։ Այս «տեսությունը» կառուցվում էր «հայելային արտապատկերման սկզբունքով»․ եթե Միացյալ Նահանգներն «ունի» Իսրայել, ապա Ռուսաստանն էլ «կունենա» ուժեղ Հայաստան։ Կամ՝ պետք է ունենա։
Գրեթե հավասար մոլեռանդությամբ եւ հետեւողականությամբ հայ հանրության մի շատ զգալի հատվածն էլ համարել եւ համարում է, որ Հայաստանի «դժբախտությունների արմատը նրա դեմ ջհուդա-մասոնականության անհանդուրժողականությունն է»։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո երկրորդ տեսակետն ավելի է արմատավորվել։ Լրատվամիջոցներից մեկը համառորեն պնդում է, որ Հայաստանի դեմ «իրականացվել է ռուս-թուրք-իսրայելական խարդավանք», որի բուն նպատակը «հայկական պետականության վերացումն է»։
Սա կարելի էր համարել աղետալի պարտությունից ածանցված «հոգեխանգարմունք», եթե քարոզչությունը շատ վտանգավոր շարունակություն չունենար։ Արդեն որերորդ անգամ «Լրագիրը» ներշնչում է, որ Հայաստանի «վերացման ծրագիրը» գոյություն ունի դեռեւս 1990-ականների սկզբից, իսկ «գործակալական ցանցի հիմնադիրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է», Նիկոլ Փաշինյանը «միայն ավարտին է հասցնում այն»։
Անկախ Հայաստանի տարածաշրջանային առաջին գործընկերն Իրանն էր։ Հայտնի է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ գնահատական է տվել Իրան-Հայաստան ցամաքային հաղորդակցությանը։ Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջին միջնորդական փորձերն Իրանն է արել։ Հայտնի է, որ Շուշիի ազատագրման օրը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Թեհրանում էին, քննարկում էին հրադադար հաստատելու եւ բանակցություններ սկսելու վերաբերյալ հարցեր, նույնիսկ համատեղ հայտարարություն են ստորագրել։
Մինչ օրս Ադրբեջանն Իրանին հիշեցնում է այդ «դավաճանությունը». իրանա-ադրբեջանական «բանավեճի» ակունքներն այդտեղ են։ Ստացվում է, որ ազատագրելով Շուշին, ապա եւ լիովին չեզոքացնելով Լեռնային Ղարաբաղի հայության բռնատեղահանման սպառնալիքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի պետականության «վերացման ծրագի՞ր էր իրականացնում»։
Ո՞րն է «ջհուդա-մասոնականության ամենակարողության» քարոզչության իմաստը (իսկ քաղաքական առումով՝ նպատակը)։ Արդյոք հենց դա չէ՞ Հայաստանի «դատապարտվածության հիմնավորումը»։ Տրամաբանորեն այդպես է ստացվում։ Որովհետեւ եթե Թուրքիան բրիտանական «պրոյեկտ» է, Իսրայելը՝ ամերիկյան եւ տարածաշրջանում ռազմավարական դաշնակից է ընտրել Ադրբեջանը, որն էլ իր հերթին «ռուսաստանյան կրեատուրա է», ապա Հայաստանն, իրոք, «դատապարտված է»։
Հայաստանի հետ ի՞նչ առնչություն ունի Իրանի նախագահի՝ «սիոնիստական ռեժիմի դեգրադացիայի» մասին հայտարարությունը։ Ռեիսին այդ մասին ասել է ապրիլի 10-ին։ Նախօրեին Թեհրանում էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նույն օրը Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Լեւիտինը բանակցություններ է վարել Իրանի փոխնախագահի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ Իրանի նախագահի կոշտ գնահատականը, կարծես, հասցեագրված է նաեւ տարածաշրջանի երկրներին։ «Իսրայելը չափազանց թույլ է, որպեսզի Իրանին սպառնալիք համարվի»,- նախագահի հայտարարությանը զուգահեռ ասել է այդ երկրի ցամաքային զորքերի հրամանատարը։
Քարոզչությունը՝ քարոզչություն, բայց շատ ակնհայտ է, որ Իսրայելը չափազանց խոցելի է։ Եթե «Հեզբոլլահի» արձակած մի քանի տասնյակ հրթիռները խուճապ եւ կառավարական ճգնաժամին մոտ իրավիճակ են ստեղծում, ապա ի՞նչ կլինի, եթե հրեական պետության դեմ իրական ռազմական ուժ կիրառվի։ Մանավանդ որ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի սպառազինություններն այսօր հիմնականում ուղղված են ուկրաինական ճակատին, որտեղ Ռուսաստանը եթե չի էլ հաղթում, ապա հաստատ չի պարտվում։ Իսրայելի «առասպելի» ժամանակը, կարծես, սպառվում է։ Դա կնպաստի՞ հայ իրականության կարծրատիպերից մեկի հաղթահարմանը՝ կախված է իշխանության դիվանագիտական հմտությունից։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։