ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 6 վիրավոր: Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են․
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ ծանր:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր եւ վիրավորներ:
Փոխհրաձգության ինտենսիվությունը սահմանին էականորեն նվազել է
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ 19:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների՝ 16:00-ի սահմաններում սկսած փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան:
00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: