ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Երեւանում ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում նշել է, որ ԵԱՀԿ-ն ձգտում է խաղաղ, համապարփակ եւ կայուն լուծման այն անհամաձայնությունների, որոնք մտահոգություններ են պատճառում Հայաստանին ու Ադրբեջանին: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու ջանքերը ԵԱՀԿ-ի մեխանիզմներով ու կառույցներով, նոր գաղափարներով ու մոտեցումներով՝ այդ նպատակին հասնելու համար: ԵԱՀԿ նախագահը խրախուսել է սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաեւ հաղորդակցության ուղիների բացման հույժ կարեւոր թեմաների անդրադառնալը: Օսմանին շեշտել է, որ ինքը սատարում է խաղաղության հանգեցնող ցանկացած ջանք եւ երկխոսությունը դյուրացնող բոլոր նախաձեռնություններին, որոնք կնվազեցնեն լարվածությունը, կխթանեն վստահությունը եւ կնպաստեն հարաբերությունների կարգավորմանը:
Ընդգծելով, որ ինքը գալիս է մի երկրից, որը անցել է հակամարտության տառապանքի ուղիով՝ ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիան իր հարեւանների հետ բարդագույն խնդիրներ լուծելու համար օգտագործել է բազմակողմ բանակցային հարթակներ: «Մեր փորձառությամբ տեսնում ենք, որ բանակցության ընթացը կարող է լինել բարդ եւ խրթին, սակայն բարիդրացիական հարաբերությունների հեռանկարը եւ հարատեւ կայունությունն ու բարգավաճումը ստեղծվել են այդ ամենի արդյունքում»,- նշել է Բույար Օսմանին։ ԵԱՀԿ նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են կիսելու այդ փորձառությունը եւ աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը: Նա վերահաստատել է ԵԱՀԿ-ի հանձնառությունը Հայաստանին իր ջանքերի եւ հավակնությունների ուղղությամբ՝ հասնելու կայուն խաղաղության։ ԵԱՀԿ նախագահը վստահեցրել է, որ ինքը կաշխատի ամրապնդել եւ խորացնել հարաբերությունը՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունն այսօրվա անորոշության դարաշրջանում: