Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ապրիլի 13-ին հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Անդրադառնալով 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրինական շրջափակման հումանիտար հետեւանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որեւէ հետեւանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Ստեփանյանն ընդգծել է, որ միջազգային հանրության հայտարարություններին եւ կոչերին Բաքուն պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարեւորելով ԵԱՀԿ ներգրավվածությունը՝ Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու եւ մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։