Իրանի խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը խոսել է Իրան-Ադրբեջան հարաբերություններից։ Անդրադառնալով հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը՝ նա հիշեցրել է, որ հարձակումն անձնական դրդապատճառներով է եղել: «Հիմա եթե մի անգետ մարդ մի սխալ է արել, պետք է փակե՞լ դեսպանատունը կամ հանե՞լ դիվանագետներին եւ այլ բանե՞ր խոսել»: Նիքզադը կրկին հիշեցրել է, որ այդ միջադեպից հետո Իրանի նախագահը կապ է հաստատել Իլհամ Ալիեւի հետ, Իրանի խորհրդարանի նախագահն էլ է ուղերձ հղել եւ ափսոսանք հայտնել: «Իրանը մինչ այժմ իրեն պատվով է պահել, ուստի խորհուրդ եմ տալիս Ադրբեջանի կառավարությանն ու խորհրդարանին անդրադառնալ պատմությանը եւ ճիշտ վարքագիծ դրսեւորել: Վերջին օրերին Ադրբեջանը 4 դիվանագետի է արտաքսել, եւ, անշուշտ, մեր ԱԳՆ-ն էլ փոխադարձ գործողություն կձեռնարկի, բայց այս վարքագիծը լավ ավարտ չունի»,- զգուշացրել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակը:
Նիքզադը շեշտել է, որ Իրանը, մեծ գերտերություն լինելով հանդերձ, պատմության ընթացքում հատուկ հարգանք է տածել իր հարեւանների նկատմամբ: Ալի Նիքզադը Բաքվին հիշեցրել է, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի հարեւան Իրաքը մի անգամ սխալվել է։ «Եվ չնայած տարբեր երկրների մեծ աջակցությանը՝ 8 տարվա ընթացքում չկարողացավ Իրանի դեմ կանգնել, հետեւաբար Ադրբեջանի պետական այրերին խորհուրդ ենք տալիս հարգել բարիդրացիականության սկզբունքը»,- նշել է Նիքզադը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է ձեռք քաշի արկածախնդրությունից եւ չչարաշահի Իրանի համբերությունը։
«Մենք ոչ մի հակասություն չունենք, երկու երկրների սահմանները, իշխանությունները, տեսակետները հստակ են, երկրներից յուրաքանչյուրն անկախություն ունի, բայց ադրբեջանցիները պետք է պատմությունը չմոռանան»,- շեշտել է Ալի Նիքզադը: Նա շեշտել է, որ եթե Ադրբեջանում Իսրայելի խումբ էլ տեղակայվի, նրանք չեն կարող ոչինչ անել: «Մեր սիրտը ցավում է Ադրբեջանի ժողովրդի համար: Պետք է զարգացնենք մեր հարաբերությունները խաղաղ պայմաններում՝ պահպանելով արժանապատվությունն ու բարեկամությունը, բայց Իրանի համբերությունն էլ սահման ունի»,- ընդգծել է Իրանի խորհրդարանի փոխնախագահը: