Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում։ Ըստ Ադրբեջանի Միլլի մեջլիսի մամուլի ծառայության՝ Գաֆարովան իր հերթին պնդել է, թե «Երեւանը, օգտվելով Եվրամիության առաքելության Հայաստանում գտնվելու հանգամանքից, քայլեր է ձեռնարկում՝ սրելու իրավիճակը տարածաշրջանում եւ Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքների դիմում»։
Ապրիլի 3-ին ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան գործընկերության գծով հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Հայաստանի սադրանքների ակտիվացումը համընկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հետ։ «Երեւանը չպետք է չարաշահի ԵՄ առաքելության ներկայությունը՝ այն որպես պատրվակ օգտագործելով երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին վնասելու նպատակով», — հայտարարել էր Բայրամովը։