Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից հայտնել են, որ Սյունիքի մարզում բնակիչների հայտնաբերած երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը: Հայաստանի տարածքում արդեն 3 օր փնտրվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել եւ ձերբակալվել է Կապանի Աճանան գյուղի տարածքում: Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու եւ ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ եւս մեկն է եղել:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, որոնք կապի մեջ են ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների հետ, դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողին։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ քննարկում են անհապաղ տեսակցության հնարավորությունը։
Ավելի վաղ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան հատուկ հայտարարությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի փաստին»: Ալիեւան վկայակոչել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը եւ պնդել, թե «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի»։